Միացյալ Նահանգներն ակտիվացնում է իր տնտեսական ներգրավվածությունը Հարավային Կովկասում՝ TRIPP նախաձեռնությունը դնելով տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման իր ծրագրերի առանցքում։
Իսկ որո՞նք են Վաշինգտոնի ռազմավարական շահերը։ Որքա՞ն գումար է ԱՄՆ-ն իրականում պատրաստ ներդնել։ Եվ ի՞նչ կարող է շահել Հայաստանը։ Այս հարցերն «Ազատությունն» ուղղել է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) քաղաքականության գծով գլխավոր տնօրեն և զարգացման գծով գլխավոր տնօրենի պաշտոնակատար Քերոլայն Վիքին:
«Ազատություն». Տիկին Վիք, Դուք գլխավորում եք Ամերիկայի Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի պատվիրակությունը, որն այցելել է Հայաստան։ Կարո՞ղ եք ներկայացնել ձեր առաքելությունը և պատմել, թե ի՞նչ դեր ունի կազմակերպությունն Ամերիկայի ազգային շահերն առաջ մղելու և ընդլայնելու գործում։
Քերոլայն Վիք․ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան ԱՄՆ կառավարության միջազգային ներդրումային կառույցն է։ Անցյալ տարվա դեկտեմբերին, երբ Կոնգրեսը երկարաձգեց մեր լիազորությունները, մեր գլոբալ ներդրումային հնարավորությունները հասան 205 միլիարդ դոլարի։ Այդ ամբողջ գումարը նախատեսված է Միացյալ Նահանգներից դուրս ներդրումներ կատարելու համար։
Մեր առաքելությունն է նպաստել մեր դաշնակիցների և գործընկերների տնտեսական զարգացմանը, ինչպես նաև առաջ մղել ԱՄՆ արտաքին քաղաքականության նպատակները՝ առևտրային տեսանկյունից կենսունակ ներդրումների միջոցով։
Այս պահին մեր գործունեությունը կենտրոնացած է երեք հիմնական գլոբալ ուղղությունների վրա։ Առաջինը՝ կարևորագույն հումքային նյութերի մատակարարման դիվերսիֆիկացված շղթաների ձևավորումն է։ Խոսքը, մասնավորապես, ռազմավարական նշանակության օգտակար հանածոների մասին է՝ ընդգրկելով դրանց արդյունահանման, վերամշակման և վերջնական արտադրանքի ստեղծման բոլոր փուլերը, ինչպես նաև դրանց հետ կապված ենթակառուցվածքները։
Մյուս առաջնահերթությունը դեղագործական արտադրությունն է, ինչպես նաև գյուղատնտեսության համար անհրաժեշտ միջոցների, օրինակ՝ պարարտանյութերի և բույսերի պաշտպանության միջոցների արտադրությունը։
Մատակարարման շղթաների տեսանկյունից մենք նաև ուշադրություն ենք դարձնում տեխնոլոգիական ոլորտներին, մասնավորապես՝ կիսահաղորդիչներին և միկրոէլեկտրոնիկային։
Երկրորդը ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների ամրապնդումն է։ Մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում էներգետիկայի ոլորտում։ Դրանց մի մասը վերաբերում է էներգակիրների արդյունահանմանը, սակայն մեծ մասը ենթակառուցվածքային նախագծեր են, հատկապես՝ բնական գազի ոլորտում։ Դրանք ներառում են գազի ներմուծման տերմինալներ, էլեկտրակայաններ, էլեկտրահաղորդման գծեր, էներգացանցերի արդիականացման ծրագրեր և խողովակաշարեր։ Մենք ավելի ու ավելի ակտիվորեն ներգրավվում ենք նաև երկրաջերմային և հիդրոէներգետիկայի ոլորտներում։
Գերբանականությունը նույնպես դառնում է մեր գործունեության կարևոր ուղղություններից մեկը։ Աշխարհի տարբեր երկրներում ուսումնասիրում ենք գերբանականության համար նախատեսված տվյալների կենտրոնների բազմաթիվ նախագծեր։
Բացի այդ, աշխատում ենք ֆինանսական ծառայությունների ոլորտում՝ ինչպես բանկերին ֆինանսավորում տրամադրելու ավանդական մեխանիզմներով, այնպես էլ ֆինանսական տեխնոլոգիական ընկերություններում ներդրումներ կատարելու միջոցով։
Երրորդը՝ կենսական նշանակության ենթակառուցվածքներն է։ Այս ուղղությունը ներառում է նավահանգիստները, օդանավակայանները, ռազմավարական տրանսպորտային միջանցքները՝ երկաթուղիներն ու ավտոճանապարհները, ինչպես նաև թվային ենթակառուցվածքների ամբողջ ոլորտը։ Խոսքը հեռահաղորդակցության, ստորջրյա մալուխների, ցամաքային օպտիկամանրաթելային ցանցերի և տվյալների կենտրոնների մասին է։ Սա ընդհանուր պատկերացում է տալիս այն ոլորտների մասին, որոնց վրա կենտրոնացած է մեր գործունեությունը։
Հայաստան մեր այցի նպատակն է հասկանալ, թե ինչ հնարավորություններ կան այստեղ, ինչ ուղղությունների վրա է Հայաստանի կառավարությունը ցանկանում, որ մենք կենտրոնանանք, որոնք են երկրի առաջնահերթ ոլորտներն ու նախագծերը։
Մենք մեր ջանքերը կկենտրոնացնենք այն ուղղություններում, որտեղ Հայաստանի առաջնահերթությունները համընկնում են մեր առաջնահերթությունների հետ։
Մենք այստեղ ենք նաև հնարավոր ներդրումային նախագծերի պորտֆել ձևավորելու նպատակով։ Հանդիպում ենք բազմաթիվ գործարարների հետ և փնտրում նախագծեր, որոնք կարող ենք իրականացնել առաջիկա մի քանի տարիների ընթացքում։
«Ազատություն». Իսկ ինչպե՞ս է փոխվել Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան վերջին մեկ տարվա ընթացքում։
Քերոլայն Վիք․ Մեր ֆինանսական հնարավորությունները զգալիորեն ընդլայնվել են՝ 60 միլիարդ դոլարից հասնելով 205 միլիարդի։ Մենք նաև հնարավորություն ենք ստացել շատ ավելի մեծ ծավալով բաժնեմասնակցային ներդրումներ կատարել, քան նախկինում։
Բացի այդ, այժմ կարող ենք աշխատել պետական սեփականություն հանդիսացող ընկերությունների հետ և գործունեություն ծավալել շատ ավելի մեծ թվով շուկաներում։
Նախկինում որոշակի սահմանափակումներ ունեինք, մինչդեռ այժմ կարող ենք գործել գործնականում աշխարհի բոլոր երկրներում՝ Միացյալ Նահանգներից դուրս։
«Ազատություն». Հայաստանում Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի մասին լսել ենք հատկապես TRIPP նախաձեռնության հետ կապված։ Ամերիկյան ազգային ո՞ր կոնկրետ շահին է ծառայում այս նախաձեռնությունը։
Քերոլայն Վիք․ TRIPP նախաձեռնության իրականացման հարցում առաջատար դերը պատկանում է ԱՄՆ Պետդեպարտամենտին, որն աշխատում է Հայաստանի կառավարության հետ համագործակցությամբ։ Մենք պատասխանատու ենք նախագծի ֆինանսավորման բաղադրիչի համար։
Շատ ուրախ ենք այս խաղաղության համաձայնագրի մասնակիցը լինելու համար։ Մեր թիմերը շատ արդյունավետ են համագործակցում՝ նախագիծը հնարավորինս արագ առաջ մղելու նպատակով։
«Ազատություն». Դուք նշեցիք ձեր 205 միլիարդ դոլարի բյուջեի մասին։ Այդ գումարից որքա՞նը կարող է ուղղվել Հայաստանին, թե՞ ֆինանսավորման ծավալը որոշվելու է այլ սկզբունքով։
Քերոլայն Վիք․ Մենք չունենք առանձին տարածաշրջանների կամ երկրների համար սահմանված ֆինանսավորման քվոտաներ։ Ամեն ինչ կախված է կոնկրետ նախագծերից։
Մեր հիմնական նպատակն է գտնել առևտրային տեսանկյունից շահավետ և ռազմավարական նշանակություն ունեցող նախագծեր, որոնք կարող ենք ֆինանսավորել և իրականացնել։
«Ազատություն». TRIPP-ից բացի, էլ ի՞նչ այլ ներդրումային նախագծեր են հետաքրքրում Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիային։ Կա՞ն արդյոք կոնկրետ ծրագրեր։
Քերոլայն Վիք․ Կարծում եմ՝ այս պահին մենք ակտիվորեն զբաղվում ենք ներդրումային հնարավորությունների բացահայտմամբ՝ փորձելով գտնել նախագծեր, որոնք կկարողանանք իրականացնել առաջիկա մի քանի տարիների ընթացքում։
Այսօր բազմաթիվ առաջարկներ ու գաղափարներ ենք լսել ինչպես գործարարներից, որոնց հետ մի շարք հանդիպումներ ենք ունեցել, այնպես էլ կառավարության ներկայացուցիչներից։ Մասնավորապես, հանդիպել ենք արտաքին գործերի նախարարի տեղակալի և այլ պաշտոնյաների հետ։
Քննարկել ենք էներգետիկայի ոլորտի մի շարք նախագծեր, այդ թվում՝ մարտկոցային էներգակուտակման համակարգերի և բնական գազի հետ կապված ծրագրեր։
Անդրադարձել ենք նաև գերբանականության և տվյալների կենտրոնների տարբեր նախագծերին, որոնք նախատեսվում է իրականացնել։ Մենք շատ հետաքրքրված ենք դրանց աջակցելու հնարավորությամբ, մասնավորապես՝ ամերիկյան սարքավորումների օգտագործմամբ։
Քննարկել ենք նաև հեռահաղորդակցության, գյուղատնտեսության, ռազմավարական նշանակության օգտակար հանածոների ոլորտները, ինչպես նաև այն լրացուցիչ ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ են TRIPP-ի ավելի լայն միջանցքի զարգացման համար։
Մենք կարծում ենք, որ այստեղ հսկայական ներուժ կա։ Երբ բացահայտենք կոնկրետ նախագծեր և ավարտին հասցնենք համապատասխան գործարքները, ավելի մանրամասն տեղեկություններ կհրապարակենք։
«Ազատություն». Դուք այցելում եք Հարավային Կովկասի երեք երկրներ և Հայաստան եք ժամանել Վրաստանից։ Ի՞նչն է ձեզ հատկապես հետաքրքրում Հարավային Կովկասում։
Քերոլայն Վիք․ Գիտեք, մենք կարծում ենք, որ այս տարածաշրջանը չափազանց կարևոր նշանակություն ունի։ Այստեղ մեծ հնարավորություններ կան, և մենք հետաքրքրված ենք մեր գործունեության բոլոր առաջնահերթ ոլորտներով։
Սակայն մեր հիմնական նպատակներից մեկն Անդրկասպյան միջանցքի զարգացմանն աջակցելն է, որպեսզի այն վերածվի խոշոր լոգիստիկ միջանցքի։
Այդ նպատակով դիտարկում ենք բազմաթիվ ենթակառուցվածքային ներդրումներ, որոնք կնպաստեն տարածաշրջանի տրանսպորտային կարողությունների ընդլայնմանը։
Խոսքը ավտոճանապարհների, երկաթուղիների, նավահանգիստների, Կասպից ծովով բեռնափոխադրումների հնարավորությունների, ինչպես նաև դրանց հետ կապված թվային ենթակառուցվածքների զարգացման մասին է։
«Ազատություն». Կա՞ն արդյոք պայմանավորվածություններ, որոնց մասին արդեն կարող եք հայտարարել։
Քերոլայն Վիք․ Ոչ, կարծում եմ՝ մենք դեռ նախնական փուլում ենք։ Ինչպես նշեցի, TRIPP նախաձեռնության շրջանակում աշխատանքները շատ լավ առաջ են ընթանում, և մենք շարունակում ենք ներդրումային այլ հնարավորություններ փնտրել։
Այսօր հանդիպել ենք բազմաթիվ գործարարների հետ և հույս ունենք առաջարկներ ստանալ նաև այլ ընկերություններից, որոնք ունեն նախագծեր, որոնց իրականացմանը DFC-ն կարող է աջակցել։
«Ազատություն». Իսկ ինչպե՞ս կարող են հայկական ընկերություններն իրենց նախագծերը ներկայացնել ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիային:
Քերոլայն Վիք․ Պարզապես պետք է անմիջականորեն կապ հաստատել մեզ հետ՝ հնարավորինս վաղ փուլում և պարբերաբար։ Մենք մեծապես շահագրգռված ենք Հայաստանում մեր գործունեությունն ընդլայնելու հարցում։