Երևանի ավտոբուսներից մեկում տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալվել է նաև տեսանյութը նկարահանած կինը՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով, հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ կինը կներկայացվի նախաքննական մարմին։
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ հայտնաբերվել և ձերբակալվել է նաև ավտոբուսում կնոջը վիրավորած և նվաստացրած տղամարդը։ Նա արդեն ներկայացվել է նախաքննական մարմին։
Երեկ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է տղամարդը ավտոբուսում վիրավորում և նվաստացնում կողքին նստած կնոջը։
Միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանության հոդվածների հատկանիշներով։