Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ քննարկվում է Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Չինաստանի առաջնորդների հանդիպումը՝ ուկրաինական հակամարտությունը քննարկելու նպատակով:
«Դեռևս հստակ պատկերացում չկա ո՛չ հանդիպման, ո՛չ էլ դրա հնարավոր օրակարգի վերաբերյալ, չնայած երեք կողմերն էլ ընդունում են նման հանդիպում անցկացնելու հիպոթետիկ հնարավորությունը», - ամերիկյան The Wall Stree Journal-ին ասել է նա։
Թերթն ավելի վաղ գրել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է, որ ինքը, Դոնալդ Թրամփը և Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինը հանդիպեն հաջորդ ամիս՝ քննարկելու Ուկրաինայի հարցը և փորձելու վերջ դնել արդեն հինգերորդ տարին ընթացող պատերազմին:
Ըստ թերթի՝ Կրեմլն առաջարկել է բանակցություններն անցկացնել Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի կունենա նոյեմբերի 18-ին և 19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում։ The Wall Street Journal-ը գրել էր, որ Կրեմլն այս առաջարկն արել է հոկտեմբերի 9-ին՝ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Պեսկովը նախկինում հայտարարել էր, որ բանակցությունները շատ օգտակար և անհրաժեշտ կլինեն ամբողջ աշխարհի համար։ Սակայն, ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, դրանց կազմակերպումը կախված է Պեկինից՝ որպես միջոցառման հյուրընկալող կողմ։
Թրամփի վարչակազմից թերթին ասել են, որ Սպիտակ տան ղեկավարը դեռ չի համաձայնել նման հանդիպում անցկացնել, բայց կարող է դրական վերաբերվել այդ գաղափարին։