Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգը ենթարկվել է անօդաչուների հարձակման․ զոհ և վիրավորներ կան

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքն ու Լենինգրադի մարզը գիշերը ենթարկվել են անօդաչուների զանգվածային հարձակման։ Հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել Պետերբուրգի նավթային տերմինալում, վնասվել է նաև ռուսական VK ընկերության տվյալների մշակման կենտրոնը։

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի վերջին տվյալներով՝ հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս հինգը՝ հոսպիտալացվել։

«Վնասվել է 12 բազմաբնակարան և երկու առանձնատուն։ Ներկայումս այնտեղ վերականգնողական աշխատանքներ են ընթանում։ Գիշերը տարհանված բնակիչները վերադառնում են իրենց տները», - հայտնել է Բեգլովը։

Նրա փոխանցմամբ՝ փրկարարները շարունակում են մարել Պետերբուրգի նավթային տերմինալի, «Ռուչյի» նավթաբազայի և Կոլպինոյի շրջանում գտնվող արդյունաբերական պահեստների տարածքներում բռնկված հրդեհները։

Անվտանգության նկատառումներով սահմանափակվել է Պուլկովոյի օդանավակայանի աշխատանքը։

Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հայտնել է, որ տարածաշրջանի երկնքում խոցվել է 144 անօդաչու։ Դրանց բեկորներն ընկել են բնակելի տների, ինչպես նաև մի քանի ավտոմեքենաների վրա։ Էլեկտրահաղորդման գծերի վնասման հետևանքով էլեկտրաէներգիայի մատակարարման կարճատև ընդհատումներ են գրանցվել։

VK ընկերությունը հաստատել է Լենինգրադի մարզում գտնվող իր տվյալների մշակման կենտրոնի վրա հարձակումը՝ միաժամանակ վստահեցնելով, որ ընկերության ծառայությունները շարունակում են աշխատել սովորական ռեժիմով։ Այդուհանդերձ, օգտատերերը բողոքել են «ՎԿոնտակտե»սոցիալական ցանցի աշխատանքի խափանումներից։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սանկտ Պետերբուրգի մի շարք թաղամասերում բնակիչները մնացել են առանց էլեկտրականության։

Տելեգրամյան ալիքները հայտնում են նաև քաղաքի արևմտյան արագընթաց մայրուղու կամրջի վրա անօդաչուի հարվածի, ինչպես նաև Ozon առցանց առևտրային ընկերության պահեստում բռնկված հրդեհի մասին։ Կամրջի վրա հարձակման տեղեկությունը իշխանությունները չեն հաստատել, սակայն ճանապարհի համապատասխան հատվածում երթևեկությունը փակվել է։

​
XS
SM
MD
LG