Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան պաշտոնը ստանձնելուց ընդամենը հինգ օր անց հեռացել է աշխատանքից։ Bloomberg-ի և The New York Times-ի փոխանցմամբ՝ պատճառը նրա առաջին և միակ ճեպազրույցի շուրջ բարձրացած քննադատությունն է։
Զաքարիան նշանակվել էր հոկտեմբերի 9-ին՝ փոխարինելով երեխայի ծնունդից հետո պաշտոնը թողած Քերոլայն Լևիթին։ Հոկտեմբերի 13-ին կայացած առաջին ճեպազրույցը տևել է ընդամենը 15 րոպե։ The New York Times-ի փոխանցմամբ՝ Զաքարիան հիմնականում կարդացել է նախապես պատրաստված տեքստը, հարց տալու հնարավորություն տվել ընդամենը երեք լրագրողի, սակայն չի կարողացել պատասխանել նրանց հարցերին։
Քննադատության առիթ է դարձել նաև այն, որ Զաքարիան չի հանձնել փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու քննությունը, թեև թե՛ ինքը, թե՛ նախագահ Դոնալդ Թրամփը նրան ներկայացրել էին որպես փաստաբան։ Երբ լրագրողներից մեկը հարցրել է, թե որ նահանգում է նա հանձնել քննությունը, Զաքարիան երկու անգամ պատասխանել է՝ «Երբ տեղափոխվեցի Չինաստան»։ Ավելի ուշ նա պարզաբանել է, թե սխալ է լսել հարցը։
Հաջորդ օրերին Զաքարիան լրատվամիջոցներին տված հարցազրույցներում փորձել է պաշտպանել իրեն՝ ընդունելով, որ պատրաստ չէր ճեպազրույցին։ Թրամփն էլ հրապարակավ ակնարկել է, որ նա պետք է վերանայի նոր պաշտոնում աշխատելու որոշումը։
«Անկեղծ ասած՝ քո փոխարեն ես կվերանայեի որոշումը։ Քեթի՛, քեզ դա պե՞տք է։ Կարծում եմ՝ ոչ», - լրագրողներին պատմել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ Զաքարիան կարող է շարունակել աշխատել իր թիմում՝ մեկ այլ, «ավելի հաճելի» պաշտոնում։
Հոկտեմբերի 16-ին Սպիտակ տան հաղորդակցության տնօրեն Սթիվեն Չունգը հաստատել է, որ Զաքարիան կտեղափոխվի այլ աշխատանքի, որի մասին կհայտարարվի ավելի ուշ։