Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ռուսական հարվածներից առնվազն 4 մարդ է զոհվել․ վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքներ

Ռուսական ուժերը հոկտեմբերի 17-ի գիշերը և առավոտյան զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի մի շարք շրջանների։ Առնվազն չորս մարդ զոհվել է, տասնյակները՝ վիրավորվել, վնասվել են բնակելի շենքեր և էներգետիկ ենթակառուցվածքներ։

Դոնեցկի մարզի Սլովյանսկ քաղաքում կառավարվող ավիառումբերով հարվածների հետևանքով մեկ մարդ զոհվել է, տասը՝ վիրավորվել։ Տեղական իշխանությունները չեն բացառում, որ ավերված շենքերի փլատակների տակ դեռ մարդիկ կան։

Խերսոնում ռուսական ուժերը մեկ ժամվա ընթացքում ութ ավիառումբ են նետել քաղաքի վրա։ Զոհվել է շտապօգնության վարորդը, վիրավորվել՝ բուժաշխատողը։ Ըստ իշխանությունների՝ կրկնակի հարվածը հասցվել է այն պահին, երբ բժիշկները ժամանել էին առաջին հարձակումից տուժածներին օգնություն ցույց տալու։ Վիրավորվել է ևս 20 մարդ։

Խարկովում և մարզի այլ բնակավայրերում վերջին մեկ օրվա հարվածներից երկու մարդ զոհվել է, 41-ը՝ վիրավորվել։ Զապորոժիեում բալիստիկ հրթիռներով հարձակման հետևանքով տուժել է հինգ մարդ, այդ թվում՝ երեխա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Զապորոժիեին հասցված հարվածը՝ պնդելով, որ թիրախավորել է արդյունաբերական ձեռնարկություններ։

Հարձակումների հետևանքով Վիննիցան ամբողջությամբ մնացել է առանց էլեկտրականության։ Քաղաքի կենսական նշանակության ենթակառուցվածքներն աշխատում են պահուստային սնուցմամբ, դադարեցվել է էլեկտրատրանսպորտի աշխատանքը։ Ժիտոմիրի մարզում ևս հարյուր հազարավոր բնակիչներ հոսանքազրկվել են։

Ուկրաինայի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ ռուսական ուժերը հարվածել են երկրի տասը մարզերի էներգետիկ օբյեկտներին։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի խոսքով՝ մեկ օրում թիրախավորվել է էլեկտրաէներգիայի արտադրության և փոխանցման ավելի քան 15 կարևոր օբյեկտ։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է դեռ ձմռան գալուց առաջ Ուկրաինայում համատարած հոսանքազրկում առաջացնել։

​
XS
SM
MD
LG