Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլեր է ձեռնարկել տրանսպորտի, էներգետիկայի, մշակույթի և ուղղակի առևտրի վերսկսման ոլորտներում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Բերիս Էքինջին՝ հոկտեմբերի 14-ին Ստամբուլում Հայաստանի անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ։
«Այս բոլոր քայլերը մեզ ամուր հիմքեր են տալիս մեծ հույսով և լավատեսությամբ նայելու մեր տարածաշրջանի ապագային», - ասել է Էքինջին՝ ընդգծելով, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման նպատակով շարունակում է երկկողմ գործընթացը։
Թուրքիայի ԱԳ փոխնախարարի խոսքով՝ վերջին շրջանում երկու երկրների միջև բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը նպաստել է երկկողմ երկխոսության ամրապնդմանը։ Նա նաև վստահեցրել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանն ու հարաբերությունների կարգավորմանը։
Ընդունելությունը կազմակերպել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։
Միջոցառմանը ներկա են եղել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, Պոլսո հայոց պատրիարքը և հայ համայնքի այլ ներկայացուցիչներ։
Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացը շարունակվում է։ Թեև Երևանն ու Անկարան այս տարիներին հայտարարել են, որ պատրաստ են հարաբերությունները վերականգնել առանց նախապայմանների, այդուհանդերձ Թուրքիայից չեն թաքցրել՝ հայ-թուրքական հարաբերություններն ուղիղ կապ ունեն հայ-ադրբեջանական կարգավորման հետ: