Ես խաղաղության համաձայնագրի մեծ աջակից եմ, Հայաստանում COP17-ին նվիրված ասուլիսում հայտարարեց ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
«Հուսով եմ, որ խաղաղության համաձայնագրում արձանագրված կետերը շուտով կիրականացվեն ու այդ իրականացումը կարագանա: Հուսով եմ իրապես, որ արագ առաջընթաց կլինի, որպեսզի հասցնեք ավարտի խաղաղության համաձայնագիրն ու այդ ընթացիկ խնդիրները կարգավորվեն», - հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին հարցին ի պատասխան ասաց Գուտերեշը:
Հարցին, թե ինչո՞ւ ՄԱԿ-ը մեծ ճնշում չի գործադրում Ադրբեջանի նախագահի նկատմամբ՝ ազատ արձակելու հայ գերիներին, ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը պատասխանեց. «Բոլոր կողմերին կոչ ենք անում հնարավորինս արագ իրագործել խաղաղության համաձայնագրի բոլոր դրույթները, որը նաև բնականաբար ներառում է կալանավորված անձանց»։
Ադրբեջանական բանտերում այժմ 19 հայ գերի է պահվում, նրանք դատապարտվել են 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման։ Մարդու իրավունքների կոպիտ խախտումներով հայտնի Ադրբեջանում դատավարությունն անցնում է փակ՝ միջազգային դիտորդների ու լրատվամիջոցների բացակայությամբ:
Այսօր ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Անտոնիու Գուտերեշը կարևորել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը:
«Հայաստանը ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն` գործելով հրաշքներ, միավորելով տարբեր կարծիքներ և տեսակետեր։ Այն բոլոր ոլորտներում, որտեղ COP-ը աշխատում է՝ կենսաբազմազանություն, կլիմա, իսկապես հայկական ղեկավարության ու դիվանագիտության որակը աչքի է ընկնում», - ասել էր ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը։