Մատչելիության հղումներ

Դատախազությունը պահանջում է Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235 միլիոն դրամ

Գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ պետության Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235 միլիոն դրամ:

Դատախազությունը, մասնավորապես, պահանջում է Աղվան Վարդանյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝

  • 3 անշարժ գույք.
  • անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտ.
  • 1 տրանսպորտային միջոց.
  • 3 իրավաբանական անձանցում մասնակցություն.
  • բանկում ներդրված 2 ավանդ և դրանց դիմաց հաշվեգրված տոկոսները.
  • 43 միլիոն 65 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ.
  • 192 միլիոն 99 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Միաժամանակ, Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» տեղեկացրեցին, որ Վարդանյանը որևէ քրեական գործով չի անցնում:

Սեպտեմբերին դատախազությունից «Ազատությանը» հայտնել էին, որ ապօրինի գույքի գործերով բռնագանձվել է ավելի քան 15 միլիոն դոլար:

Գլխավոր Դատախազ Աննա Վարդապետյանի այս տարվա մարտին ներկայացված տվյալներով՝ դատարաններում քննվող հայցերի ընդհանուր թիվը 166 է, որոնց ընդհանուր հայցագինը շուրջ 612 միլիարդ 592 միլիոն դրամ է, այսինքն ավելի քան մեկուկես միլիարդ դոլար:

​
XS
SM
MD
LG