Մատչելիության հղումներ

Ադրբեջանում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցեր են․ 37 մարդ ձերբակալվել է

Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ 37 մարդ է ձերբակալվել։

Սեպտեմբերի վերջին Ադրբեջանի կառավարությունը փոփոխել է դպրոցական համազգեստի կանոնները՝ արգելելով դպրոցներում կրել համազգեստից տարբերվող կամ կրթության աշխարհիկ սկզբունքին հակասող հագուստ։ Որոշման մեջ, սակայն, հստակեցված չէ, թե ինչ հագուստ է համարվում այդ սկզբունքին հակասող։

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ փոփոխություններից հետո տեղեկություններ են ստացվել, որ որոշ դպրոցներում հիջաբ կրող աշակերտներին ու ուսուցիչներին թույլ չեն տալիս ներս մտնել։ Ծնողներն ու աշակերտները բողոքի ցույցեր են կազմակերպել, որոշ դեպքերում նաև հրաժարվել դասերին մասնակցելուց։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաքվի Ղարադաղի շրջանում ցուցարարներն այրել են դպրոցի տնօրենի ավտոմեքենան, իսկ Յասամալի շրջանում փորձել են հրկիզել դպրոցներից մեկը։

Ոստիկանությունը ձերբակալությունները բացատրել է հասարակական կարգը պահպանելու, ճանապարհների փակումը կանխելու և ուսումնական հաստատությունների բնականոն աշխատանքն ապահովելու անհրաժեշտությամբ։


​
XS
SM
MD
LG