Ռուսաստանը չի պատրաստվում հրաժարվել Ուկրաինայում իր ռազմական նպատակներից՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած «էներգետիկ հրադադարին»։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով հրադադարի վերաբերյալ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին։
Լավրովի պնդմամբ՝ Ուկրաինայի նախագահը փորձում է հրադադարի միջոցով ժամանակ շահել, վերականգնել ուժերը և Արևմուտքից նոր սպառազինություն ստանալ։
«Չեմ կարծում, թե նա արժանի է այդ դադարին։ Չեմ կարծում նաև, որ մենք հերթական անգամ կհավատանք նրա երաշխիքներին ու խոստումներին։ Նախագահ Պուտինը հստակ ասել է՝ շարունակում ենք հատուկ ռազմական գործողության նպատակների իրականացումը։ Մենք երբեք չենք փոխել դրանք», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։
Հոկտեմբերի 11-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են անհապաղ դադարեցնել միմյանց էներգետիկ ենթակառուցվածքներին հասցվող հարվածները։
Զելենսկին այսօր՝ Վարշավայի անվտանգության համաժողովում, հայտնել է, որ Ուկրաինան անմիջապես աջակցել է այդ նախաձեռնությանը, սակայն Ռուսաստանը շարունակել է հարվածները։ Նրա խոսքով՝ Թրամփի հայտարարությունից հետո ռուսական ուժերը հարվածել են Խարկովի էլեկտրակայանին և գազային ենթակառուցվածքներից մեկին։