Ազգային անվտանգության ծառայությունը «ամբողջությամբ հերքում է տեղեկությունները, թե Սյունիքում ադրբեջանցիների են փնտրում», «Ազատությանը» փոխանցել են կառույցից:
Մեղրի համայնքի մաս կազմող Կուրիսի բնակիչներից Սլավիկը [խմբ. - ազգանունը չհայտնեց] «Ազատությանը» փոխանցեց, որ ինքն է երեկոյան 8:30-ի սահմաններում տեսել 3 անծանոթ մարդկանց: Նա, սակայն, հրաժարվեց այլ մանրամասներ հայտնել՝ հորդորելով դիմել իրավապահներին:
Կուրիսի գյուղապետ Դավիթ Օհանջանյանն էլ ասաց, թե ինքն անձամբ ադրբեջանցիների չի տեսել, բայց իրավապահները այդ հարցով զբաղվում են: Թե ի՞նչ են անում իրավապահները, արդյո՞ք Կուրիսի բնակչի ահազանգն են ստուգել կամ ստուգում, հստակ չէ: Ներքին գործերի նախարարությունը դեռ տեղեկատվություն չի տրամադրել:
Սյունիքում ադրբեջանցիների փնտրելու մասին գրել էր 24 News կայքը՝ պնդելով, թե «Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիների», որոնց նկատել են Կուրիսի բնակիչները:
Օրերս Սյունիքի մեկ այլ բնակավայրում՝ Շաքիում ադրբեջանցի զինծառայող էր ձերբակալվել: Նա մտել էր գյուղի տներից մեկը, կրակել տանտիրուհու վրա՝ նրան ծանր վնասվածք պատճառելով:
Երկու ամսով կալանավորված ադրբեջանցի զինծառայողը Նասիմի Մուսաևը, ով ըստ պաշտոնական Բաքվի, ինքնակամ լքել է Լաչինի զորամասը, մեղադրվում է սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար: Ադրբեջանում նրան մեղադրում են դասալքության համար: