Մատչելիության հղումներ

Կիևի քաղաքապետը բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ռուսական հարձակումների ֆոնին բնակիչներին խորհուրդ է տվել հնարավորության դեպքում ժամանակավորապես հեռանալ մայրաքաղաքից և տեղափոխվել Ուկրաինայի այլ քաղաքներ։

«Ամեն օր նոր տեղեկություններ ենք ստանում ավերված շենքերի, վիրավորների ու զոհերի մասին։ Մեր քաղաքի վրա հարձակումներն ուժեղանում են։ Այսօր արդեն խոսքը գոյատևման մասին է», - AFP-ին տված հարցազրույցում ասել է Կլիչկոն։

Քաղաքապետը զգուշացրել է, որ ռուսական հարվածների հետևանքով ջրամատակարարման համակարգի խափանումը կարող է Կիևում լուրջ ճգնաժամ առաջացնել։ Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ բնակչությանը համատարած տարհանման կոչ չի անում։

«Դա հենց Պուտինի նպատակն է։ Նրա համար լավագույն տարբերակը կլինի, եթե բոլորս հեռանանք՝ նրան թողնելով մեր դատարկ քաղաքներն ու ամբողջ երկիրը», - ասել է Կլիչկոն։

Վերջին շաբաթներին Ռուսաստանն ուժեղացրել է հարվածները Կիևի էներգետիկ, տրանսպորտային և այլ ենթակառուցվածքներին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան փորձում է ստիպել ուկրաինացիներին լքել մայրաքաղաքն ու մյուս խոշոր քաղաքները։


​
XS
SM
MD
LG