Մատչելիության հղումներ

ԱԺ տեսախցիկից կադրեր են արտահոսում, սրճարանի զուգարանում էլ՝ գաղտնի նկարահանում. ո՞վ է մեղավոր

Ազգային ժողովում իշխող ու ընդդիմադիր պատգամավորների սկանդալային ծեծկռտուքից ժամեր անց խորհրդարանի տեսախցիկներից նորից կադրեր արտահոսեցին իշխող կուսակցության կայք: Ըստ այս կադրերի՝ կռվի պահին «Ուժեղ Հայաստանի պատգամավորների օգնականներն ուզում են մտնել դահլիճ, որի մուտքը հսկում են պետական պահպանության ծառայողները:


Ո՞վ է որոշել ու ի՞նչ հիմնավորմամբ, որ հատուկ պահպանության ենթակա կառույցների տեսախցիկների տեղեկությունը փոխանցվի իշխող կուսակցության կայքին ու հրապարակվի` երկու օր է` փորձում ենք ճշտել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարից, բայց Դավիթ Համբարյանն էլ «Ազատության» զանգերին չպատասխանեց:

ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ, որ անվտանգության ու պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահն է եղել նախորդ տարիներին, տեղյակ չէ կարգից ու չգիտի՝ ինչպես են իշխանության համար ցանկալի հատվածները հայտնվում ՔՊ-ի կայքերում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին չի զարմացրել այս դեպքը: Աննախադեպ չէ, իշխող ՔՊ-ն էլի է հանրայնացրել հատուկ պահպանվող կառույցների տեսախցիկների կադրերը: Քաղաքական նպատակահարմարությամբ է առաջնորդվում Փաշինյանի թիմը՝ անտեսելով նույնիսկ անձնական տվյալների պաշտպանության իրավունքը, քննադատում է ընդդիմադիր պատգամավորը:

«Անում են այն՝ ինչ քաղաքականապես նպատահարմար է, սրա ուղիղ հրահանգը իջեցրել է Նիկոլ Փաշինյանը՝ ասելով՝ «ԱԱԾ-ն է որոշում՝ ինչ կարտահոսի, ինչ՝ չէ»։

Ամիսներ առաջ էլ իշխանական լրատվամիջոցներում հայտնվեցին «Զվարթնոց» օդանավակայանի տեսախցիկների կադրերը, երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փորձել էր արտերկիր մեկնել, թույլ չէին տվել: Ո՞ր իրավունքով, ո՞ւմ որոշմամբ էր օդանավակայանից կադրեր արտահոսել իշխանական էջեր, լրագրողների հարցից զարմացել էր Փաշինյանը: Երկրի վարչապետը դա խնդիր չէր համարել ու հայտարարել՝ ԱԱԾ աշխատակիցն ինչ կուզի՝ կանի:

Անձնական կյանքի տվյալների ու պաշտպանության մասին Փաշինյանը մի անգամ էլ կառավարության նիստում է իր կարծիքը հայտնել:

«Ես պաշտոնապես ասում եմ՝ ժողովորդ ջան, անձնական տվյալները մի տեղ կուտակվում են, դուք գաղտնիք չունեք», - ասել է Փաշինյանը։

Ընդդիմադիրների գնահատմամբ՝ պետական հատուկ պահպանության շենքերի տեսախցիկներից իշխանական կայքեր արտահոսող կադրերն ու ու Փաշինյանի հայտարարությունները կանաչ լույս են վառել անձնական կյանքի իրավունքը ոտնահարելու համար: Քրիստինե Վարդանյանը պատահական չի համարում երևանյան մի սրճարանում օրեր առաջ արձանագրված դեպքը: «Գուստավ» սրճարանի մենեջերը հեռախոսը, տեսախցիկը միացրած, տեղադրել է զուգարանում՝ լվացարանի տակ, հեռախոսը հաճախորդն է նկատել ու դրա մասին բարձրաձայնել:

Վարդանյանը կարծում է՝ շարքայիններն էլ ոգեշնչվում են Փաշինյանի խոսքերից:

«Երբ որ գործող ամենաբարձր իշխանությունը ասում է՝ ԱԱԾ-ն է որոշում, ինչ տեղեկություն կուզի, կարտահոսի, էն մարդիկ էլ մտածում են՝ ինչ ուզեն՝ կարող են նկարել»:

Թե խորհրդարանից ու պետական պաշտպանության ենթակա մյուս կառույցներից արտահոսող կադրերի դեմ երբ կառնեն իրավապահ կառույցները ու երբ կպատժվեն արտահոսքի կազմակերպիչները, հայտնի չէ, բայց սրճարանի զուգարանում նկարահանման դեպքով ոստիկանությունը տեղից շարժվել է: Հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե: Սրճարանի տնօրենը վստահեցնում է՝ իրենք տեղյակ չեն եղել, մենեջերն իր հեռախոսն է տեղադրել լվացարանի տակ, իրենք էլ այդ մասին իմացել են, երբ հաճախորդը բացատրություն է պահանջել: Նույն օրն էլ մենեջերին ազատվել է աշխատանքից:

«Լվացարանի տակ դրել է ու երբ մարդիկ օգտվել են զուգարանից, երբ նկատել են հեռախոսը, վերցրել են ու նրանց մոտ ջնջել է վիդեոն: Գործը հիմա ոստիկանությունում է», - «Ազատության» հետ զրույցում ասել է սրճարանի տնօրենը։

Ըստ տնօրենի՝ մենեջերը 47-48 տարեկան է, երկու տարի աշխատել է սրճարանում: Ի՞նչն է նրան դրդել զուգարանում մարդկանց գաղտնի նկարել, ըստ տնօրենի՝ ոչինչ չի բացատրել, խոստովանել է, որ իր հեռախոսն է, կադրրեը ջնջել են ու ոչինչ չի բացատրել:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG