Շամիրամ գյուղում ոչինչ չի հուշում, որ այս ամսվա վերջին կիրակին գյուղում ընտրական է. համայնքապետ պիտի ընտրեն: Եզդիաբնակ ամենամեծ գյուղում բացարձակ հետաքրքրություն չի առաջացնում համայնքապետի ընտրության թեման, որովհետև անշեղորեն կրկնվող պատմություն է. 90-ականներից ընտրում են նույն մարդուն՝ Մրազ Բրոյանին:
67-ամյա Մրազ Բրոյանը Շամիրամի գյուղապետն է իր կյանքի կեսից ավելին՝ ուղիղ 35 տարի, և որքան հասկացանք՝ այս թիվը վերջնական չէ. առաջիկա հոկտեմբերի 25-ին անցկացվելիք ընտրությանն ընդառաջ նա որևէ քարոզարշավ չի էլ իրականացնում. պաստառներ չկան: Նկարներ պետք չեն, որովհետև անձամբ է պտտվում գյուղում, կարգախոսն էլ սուտ զրույց է համարում Բրոյանը:
Տասնամյակների բերումով գյուղում ինչ կա՝ Բրոյանի անվան հետ է կապվում, ոռոգման ջուր, խմելունը՝ տներում, անասուններինը՝ լճակներում, վարչապետին խնդրեց՝ շուտով գազ կլինի, գյուղամիջյան ճանապարհը անցյալ տարի կառուցվեց, հիմա էլ Շամիրամի սրբատեղին են վերակառուցում:
Բրոյանի որդիները գյուղի մեծամասնության պես Ռուսաստանում են, պնդում է՝ համայնքային բյուջեն տուն չի տարել, հողեր չի սեփականաշնորհել իր ու ազգականների անունով: Հավատացնում է՝ մարդկանց միջև էլ տարբերություն չի դնում. ահա թե ինչու է ընտրվում անընդհատ, առանց մրցակցի ու միաձայն: Նախորդ ընտրություններում միայն մի քանի անվավեր քվեաթերթիկ է եղել, մնացածը միայն կողմ: Հիմա էլ վստահ է՝ կրկնվելու է նույն սցենար... 298 ընտրող ունի գյուղը՝ այդքան կողմ ձայներ է սպասում Բրոյանը:
Ավելին՝ «Ազատության» ռեպորտաժում․