Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) այսուհետ վերահսկելու է օնլայն հարթակներով իրականացված առևտրի մի մասը. կառավարությունը սահմանել է կարգ, ըստ որի՝ վաճառքի օնլայն հարթակները ամեն ամիս պետք է տեղեկատվություն ներկայացնեն ՊԵԿ, թե Հայաստանում գործող անհատ ձեռնարկատերը կամ կազմակերպությունը դեպի ԵԱՏՄ երբ ու ինչ ապրանք է վաճառել։ Գործադիրն այսօրվա նիստում հաստատեց այդ տեղեկատվության ներկայացման կարգը:
Որոշման հիմնավորման համաձայն՝ այս տարվա մարտին կատարվել են օրենսդրական փոփոխություններ Հայաստանից էլեկտրոնային հարթակներով ԵԱՏՄ կատարված ապրանքների արտահանման վերաբերյալ։ Ըստ այդմ, էլեկտրոնային առևտրի հարթակները պետք է ամեն ամիս ներկայացնեն տվյալներ ՊԵԿ-ին, թե ով, ինչ ապրանք է մատակարարել ԵԱՏՄ տարածքում, տվյալներ ներկայացնեն ապրանքաուղեկցող փաստաթղթի, ամսաթվի վերաբերյալ և այլն։ Էլեկտրոնային առևտրի հարթակը հավաքված տեղեկությունը ՊԵԿ-ին է ներկայացնելու էլեկտրոնային ձևով, համապատասխան ձևաչափը ներկայացնելու է ՊԵԿ-ը։
Կարգը գործելու է 2027-ի հունվարի 1-ից։
Նախագծի վերաբերյալ դիտարկումներ է ներկայացրել արդարադատության նախարարությունը՝ շեշտելով, որ «նշված տեղեկատվության մշակումն ու փոխանցումը պետք է իրականացվի բացառապես հարկային օրենսդրությամբ սահմանված նպատակների շրջանակում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված որոշակի նպատակի, համաչափության ու նվազագույն տվյալների մշակման սկզբունքի պահպանմամբ»: Ի պատասխան այս դիտարկման՝ ՊԵԿ-ից նշել են, որ ֆիզիկական անձանց տվյալների մասով որևէ պահանջ նախագծում չկա, խոսքը վերաբերում է ընկերությունների ու ԱՁ-երի կողմից վաճառվող ապրանքներին։
«Ներկայացված նախագիծը ՊԵԿ կողմից իրականացվող ոլորտային հանդիպումների շրջանակներում քննարկվել է ԵՏՄ հարթակ շահագործող տնտեսավարող սուբյեկտների հետ և նախագծով ենթակա տեղեկատվության մասով այդ ոլորտի ներկայացուցչների կողմից խնդիրներ չեն բարձրացվել»,- պատասխանել են արդարադատության նախարարությանը ՊԵԿ-ից։
ՊԵԿ-ը տվյալներ կստանա օնլայն հարթակներով կատարված առևտրի մասին