Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն քննադատել է Եվրախորհրդարանին, որտեղ քննարկվելու է Վրաստանում ընդդիմադիր կուսակցությունների հնարավոր արգելքի հարցը։
«Եվրոպական խորհրդարանը որևէ հետաքրքրություն չի ներկայացնում։ Բոլորին քաջ հայտնի է, որ վերջին շրջանում այդ կառույցը ստից բացի ոչինչ չի տարածում», - լրագրողներին ասել է Կոբախիձեն։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ մի շարք ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունն արգելելու պահանջով։ Դատարանն արդեն սկսել է հայցի քննությունը։
Կոբախիձեն Եվրախորհրդարանի կողմից այս հարցի քննարկումը որակել է դատարանի վրա քաղաքական ազդեցություն գործադրելու փորձ։
«Ողբերգական է, որ եվրոպական այդ կառույցը չի հասկանում՝ դատական գործերի քաղաքականացումն ուղղակիորեն հակասում է իրավունքի գերակայության սկզբունքին։ Նրանք փորձում են քաղաքական ազդեցություն գործադրել դատական որոշման վրա։ Իհարկե, դա նրանց չի հաջողվի», - հայտարարել է Վրաստանի վարչապետը։