Մատչելիության հղումներ

Իրանն Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերումը «պատմական հաղթանակ» է որակել 

Ամերիկացի զինվորներ Իրաքում
Ամերիկացի զինվորներ Իրաքում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ողջունել է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերումը և այն որակել «պատմական հաղթանակ»։

Իրանի ISNA լրատվական գործակալության միջոցով տարածած հայտարարությունում ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ ամերիկյան ավելի լայն ռազմական ներկայությունն Արևմտյան Ասիայում «ապակայունացնող» է և դա նույնպես պետք է ավարտվի։

«ԱՄՆ-ն պետք է լքի տարածաշրջանը և անվտանգության կառավարումը թողնի իրենց՝ այս պետություններին, - ասվում է հայտարարությունում,- Երկու տասնամյակների օկուպացիայի փորձը ցույց է տվել, որ ԱՄՆ ներկայությունը ոչ միայն անվտանգություն չի բերել, այլև ինքնին անապահովության, ահաբեկչության և անկայունության աղբյուր է եղել Արևմտյան Ասիայում»։

ԱՄՆ-ն երեկ հայտարարեց Իրաքում իր ռազմական առաքելության հաջող ավարտի մասին, որոն իրականացվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակում: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նաև հույս էր հայտնել, որ Իրաքի անվտանգության ուժերը կշարունակեն պայքարել «Իսլամական պետության» հետևորդների դեմ:

ԻՊՀԿ-ն նաև ընդգծել է ԱՄՆ ռազմական արշավի և Իրաքի օկուպացիայի մարդկային և ֆինանսական ծախսերը՝ նշելով, որ նույնիսկ Վաշինգտոնի սեփական հաշվարկներով զոհերի թիվը հսկայական է։

«Քսան տարվա ռազմական միջամտությունից հետո, որը, ԱՄՆ-ի սեփական խոստովանությամբ, հանգեցրեց մոտ հինգ հազար մարդու մահվան,- իհարկե, սրանք իրական թվեր չեն,- և չորս տրիլիոն դոլարի արժեքի, ԱՄՆ-ն վտարվեց Իրաքի ժողովրդի ատելության և դժգոհության ֆոնին», - նշվում է ԻՊՀԿ հայտարարությունում:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակնում ունեցած ելույթում զգուշացրել էր Իրաքի «բալկանացման» ռիսկի մասին, եթե Բաղդադը չկարողանա վերահսկել երկրում գործող զինված խմբավորումները, այդ թվում՝ նրանք, որոնք վայելում են Իրանի աջակցությունը:

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան Իրաք մտավ 2003 թվականին: Կոալիցիայի մարտական առաքելությունն ավարտվեց 2021 թվականին, սակայն ԱՄՆ-ն շարունակեց ռազմական ներկայությունն Իրաքում՝ պահպանելով մի շարք ամերիկյան ռազմական բազաներ երկրում։

Ներկայումս Իրաքում ռազմական ներկայություն ունի Թուրքիան: Անկարան նախկինում հայտարարել էր, որ կսկսի երկրի հյուսիսում գտնվող թուրքական ռազմական բազայի աստիճանական տեղափոխումը Իրաք:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG