Երևանում աղբի վերամշակման գործարանի կառուցման մրցույթում հաղթել է չինական, արաբական ու հայկական ընկերություններից բաղկացած կոնսորցիումը։
Կոնսորցիումի հիմնական չինական ընկերությունը՝ China Western Power Industrial-ը, տարբեր նախագծեր է իրականացրել Լաոսում, Շրի-Լանկայում, Զիմբաբվերում: Որոշ աղբյուրների համաձայն, ավելի քան 10 տարի առաջ էլ ձախողված մի ծրագիր է ունեցել Հայաստանում։ Ավելի վաղ քաղաքապետարանը հայտարարում էր աղբի վերամշակման գործարանի կառուցման գործում ֆրանսիական ու պորտուգալական ընկերությունների ներգրավման մասին։
Երևանում խառը կենցաղային թափոնների վերամշակման գործարանի կառուցման գործընթացի մրցութային փուլը մեկնարկեց անցած տարի։ Երկփուլ մրցույթի առաջին փուլին մասնակցել էին 4 ընկերություններ, որոնցից միայն երկուսն էին հասել երկրորդ փուլ, որտեղ էլ նախապատվությունը տրվել է չինա-արաբա-հայկական ընկերությունների կոնսորիցումին։ Քաղաքապետարանը չի մանրամասնել, թե որն էր երկրորդ փուլ հասած մյուս ընկերությունը ։
Երևանի քաղաքապետարանի տեխնիկատնտեսական հիմնավորումների համաձայն՝ միայն Նուբարաշենի աղբավայրում օրական թափվում է մոտ 600 տոննա աղբ, տարեկան՝ մոտ 200.000 տոննա։ Բնակչության ու բնակչության եկամուտների աճի պայմաններում այս թիվը կայուն աճում է։
Քաղաքապետարանի առաջարկած ծրագրով նախատեսվում է թափոնների կառավարման հարցում առաջ շարժվել սանիտարական աղբավայր հիմնելու, չոր վերամշակվող նյութերը տարանջատելու, կոշտ կենցաղային թափոնների վերամշակման գործարան հիմնելու սցենարով։ Քաղաքապետարանի կողմից ներկայացվող պահանջների համաձայն՝ գործարանը պետք է շահագործվի նվազագույնը 30-35 տարի և կարողանա օրական 600 տոննա աղբ վերամշակել՝ այդ թվում կոշտ կենցաղային, կենսաքայքայվող, արդյունաբերական ոչ վտանգավոր թափոններ։
Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջերի համաձայն՝ վերամշակումը պետք է լինի Եվրամիության ստանդարտներին կամ դրա համարժեքներին համապատասխան։ Քաղաքապետարանը 5 հեկտար տարածք է տրամադրելու գործարանի կառուցման համար։ Գործարանի կառուցման ներդրումը, շահագործումն իրականացնելու է կոնսորցիումը, շահույթը մնալու է ընկերությանը։
Ովքե՞ր են ներգրաված կոնսորցիումում
Ըստ պաշտոնական կայքի՝ China Western Power Industrial ընկերությունը հիմնադրվել է 1983 թվականին, Չինաստանի Սիխուան նահանգում։ Ընկերությունը զբաղվում է նորարարական էներգետիկայի, շրջակա միջավայրի պաշտպանության նախագծերով: Ընկերության հիմնական նախագծերն իրականացվել են Չինաստանում, ևս մեկ՝թափոններից էլեկտրաէներգիա վերամշակող գործարան էլ ընկերությունը կառուցել ու շահագործում է Շրի Լանկայում՝ Կոլոմբոյում։ Այն շահագործման է հանձնվել 2021 թվականին, ծրագրի արժեքը հասնում է մոտ 40 մլն դոլարի։
Չինական ընկերությունը խոշոր՝ 1 մլրդ 450 մլն դոլարի պայմանագիր կնքեց անցած տարի Լաոսում՝ մասնակցելով Լաոսի հարավում 1800 Մվտ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի կառուցմանը, պարտավորվելով նաև հետևել դրա շինարարությանն ու մատակարարել համապատասխան ապրանքներ։ Չինական ընկերության անվանը հանդիպում ենք նաև Զիմբաբվեում կառուցվող ջերմաէլեկտրակայանի կապալառուների թվում։ Բուն նախագծման ու շինարարական աշխատանքներից բացի ընկերությունը նաև էներգետիկայի ոլորտում մատակարարում է տարբեր սարքավորումներ։
Այս նախագծերի կողքին China Western Power Industrial-ը ունի ծրագրեր, որոնք այդպես էլ ավարտին չեն հասել. օրինակ Մեծ Բրիտանիայում ընկերությունը մալայզիական ընկերության համար կապալառու էր Փիթերբորո քաղաքում աղբի վերամշակման գործարանի ծրագրում, այն սակայն տապալվել է ու նույնիսկ շինարարական փուլին չի հասել։ Ծրագիրը գնահատվում էր ավելի քան 450 մլն դոլար։
Չինական ընկերությունը Հայաստանում ևս ներգրաված է եղել ձախողված ծրագրում։ Հայաստանի կառավարությունը ավելի քան 10 տարի առաջ որոշել էր Վանաձորում 540 մՎՏ հզորության գազային էլեկտրակայան կառուցել Վրաստանում գրանցված «Անակլիա Այ Ի Փի հոլդինգ» ընկերության հետ, որը էլեկտրաէներգիա պիտի մատակարարեր Անակլիայի նավահանգստին։
Կառավարության կողմից խոսվում էր այս ծրագրում ներդրվելիք 600 մլն դոլարի մասին։ Վրացական ընկերության սեփականատեր էր համարվում գործարար Թեյմուրազ Կարչավան՝ տարբեր օֆշորային ընկերությունների միջոցով։ Ի վերջո ծրագիրը տապալվեց՝ չհասնելով նույնիսկ շինարարության փուլին։ Global Energy Monitor հարթակը, որ էներգետիկ ենթակառուցվածքների ուսումնասիրությամբ է զբաղվում, իր կայքում որպես «Անակլիա Այ Ի Փի հոլդինգ»-ի մայր ընկերություն նշել է հենց չինական China Western Power Industrial-ը։
Կոնսորցիումում ներգրավված երկրորդ ընկերությունը «Մասշտաբ քոնսալթնսի» ՓԲԸ-ն է, որ հիմնադրվել է 2009 թվականին, նախկինում կոչվել է «Շոփ մաստեր»։ Իրական շահառուների հայտարարագրի համաձայն՝ ընկերության միակ բաժնետերը Լիաննա Կուսիկյանն է։ Վերջինս Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախագծերի իրականացման բաժնի տեսուչ է եղել։ ՊԵԿ-ում ընկերությունը նշված է որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող։
«Մասշտաբ քոնսալթնսի»-ն իր կայքում ներկայանում է որպես բիզնեսին խորհրդատվություն, իրավական աջակցություն, ինչպես նաև խոշորածավալ թվային նախագծերի համար ֆունկցիոնալ ու տեխնիկական բնութագրեր տրամադրող ընկերություն։ «Մասշտաբ քոնսալթնսի»-ն, ըստ կայքում առկա տեղեկատվության, մի շարք խորհրդատվական աշխատանքներ է կատարել Համաշխարհային բանկին հայաստանյան ծրագրերի համար՝ այդ թվում մաքսային վարչարարության վերաբերյալ։
Կոնսորցիումում ներգրաված ընկերություններից երրորդը արաբական MASAR ընկերությունն է։ Բաց աղբյուրներում այս ընկերության մասին տվյալների սակավությունը հնարավորություն չի տալիս դրա պատմության ու նախկին ծրագրերի մասին տեղեկություններ ստանալ։
Աղբի վերամշակման գործարանի կառուցման հստակ ֆինանսական պարամետրերը դեռ չեն հրապարակվել, այդ թվում՝ կոնսորիցումի կողմից ներդրվելիք միջոցների ծավալն ու գործարանի կառուցման, շահագործման ժամկետը։ «Ազատություն»-ը քաղաքապետարանից խնդրել էր տրամադրել նաև մրցութային հանձնաժողովի նիստերի արձանագրությունները. դրանք չեն տրամադրվել, քաղաքապետարանը հայտնել է, որ դրանք «սահմանված կարգով արխիվացվել են»։
Աղբի վերամշակում. դեպի Ֆրանսիա, Պորտուգալիա ու Լատվիա
Մինչ չինա-արաբա-հայկական ընկերությունների կոնսորցիումին աղբի վերամշակման գործը վստահելը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարբերաբար խոսում էր աղբի վերամշակման գործընթացում արևմտյան երկրների հետ համագործակցության մասին։
Օրինակ, 2023-ի մայիսին փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը հայտնել էր, թե աղբի վերամշակման գործարանի կառուցման հարցում բանակցում են պորտուգալական ու ֆրանսիական ընկերությունների հետ:
«Կարծում եմ՝ այդ ընկերություններից մեկի առաջարկով մենք ունենալու ենք պիլոտային նախագիծ, որը մեզ թույլ կտա հասկանալ՝ ինչ խնդիրներ ունենք, ու մեծ վերամշակման գործարանի կառուցման նախագիծ»,- հայտարարել էր նա։
Տիգրան Ավինյանը թափոնների կառավարման ծրագիրը քննարկել էր նաև այս տարվա փետրվարին Ֆրանսիայից ժամանած գործարարների խմբի հետ։
Երևանն աղբի վերամշակման հարցում ակտիվ գործակցության մեջ էր Լատվիայի հետ։ Օրինակ 2024-ի փետրվարին փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը Հայաստանում ու Վրաստանում Լատվիայի դեսպանի հետ էր քննարկել աղբի կառավարման խնդիրները, իսկ անցած տարվա նոյեմբերին էլ այցելել էր Ռիգայի աղբի վերամշակման գորածարան, օգտակար համարել հաջողված փորձի ցանկացած օրինակ։