Երևանի Տիչինայի փողոցում այսօր շինարարական աշխատանքներ իրականացնելիս վերամբարձ կռունկը մասամբ վնասվել և ընկել է, նախնական տվյալներով՝ կա 3 զոհ, հաղորդում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ ահազանգը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է ժամը 14։10, դեպքի վայր են մեկնել ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Դեպքը տեղի է ունեցել «Դեֆանս» էլիտար թաղամասում: «Ազատության» տեղեկություններով, որոնք դեռ պաշտոնապես հաստատված չեն, տեխնիկան, որը վնասվել է, և մարդիկ են զոհվել, պատկանում է «Շինվեկտոր» ընկերությանը:
Տարածքը փակված է, տեղում աշխատում են քննիչները:
Դեպքի վայր մեկնած «Ազատության» թղթակիցը հաղորդում է, որ ժամը 15:45-ի դրությամբ մահացածների մարմինները դեռ տարածքում էին. սպասում էին, որ հատուկ տեխնիկա բերվի տարածք՝ կռունկի կոտրված հատվածը կիսելու և դիերը տակից դուրս բերելու համար:
Զոհվածների ինքնությունը դեռ հայտնի չէ: Նախնական, բայց դեռ պաշտոնապես չհաստատված տեղեկությամբ՝ նրանից երկուսը օտարերկրյա քաղաքացիներ են, մեկը՝ Հայաստանի:
Ժամը 17:15-ի դրությամբ զոհվածների դիերից երկուսը դուրս են բերվել, երրորդի դուրսբերման համար փորձում եմ կռունկը հատուկ տեխնիկայի միջոցով տեղաշարժել:
Քննչական կոմիտեն հաղորդում է, որ «շինարարական աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու (3 դրվագ) դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»: