Մատչելիության հղումներ

Էրդողանին «վիրավորելու» համար կատակերգուն 19 ամսվա ազատազրկման է դատապարտվել

Ստամբուլի դատարանը թուրք կատակերգու Դենիզ Գյոքթաշին մեղավոր է ճանաչել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և կրոնական արժեքները «վիրավորելու» համար և դատապարտել 19 ամսվա ազատազրկման։

Դատարանը, սակայն, որոշել է ազատ արձակել 32-ամյա կատակերգուին մինչև դատավճռի վերանայումն ու բողոքարկման գործընթացի ավարտը։ Գյոքթաշը շուրջ երեք ամիս անցկացրել է նախնական կալանքի տակ։

Նրան մեղադրանքներ էին առաջադրվել հունիսին կայացած «Dead Sea» ստենդափ ներկայացման ընթացքում հնչեցրած կատակների համար։ Մասնավորապես՝ դատախազությունը Էրդողանին «բռնապետ» անվանելը դիտարկել էր որպես նախագահի հասցեին վիրավորանք։

Գյոքթաշը դատարանում պնդել է, որ «բռնապետը» վիրավորանք չէ, այլ քաղաքական բնորոշում, և հայտարարել, որ իր կատակներով որևէ հանցագործություն չի կատարել։

Մյուս՝ հանցագործությունն ու հանցագործներին գովաբանելու մեղադրանքով Գյոքթաշն արդարացվել է։

​
XS
SM
MD
LG