Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն ադրբեջանցի բանտարկված ակտիվիստ Բահրուզ Սամադովին, որն այսօր ինքնավնասում է արել Գերագույն դատարանում կայացած դատական լսումների ժամանակ, հայտարարել է Amnesty International-ի Հարավային Կովկասի հարցերով հետազոտող Նատալյա Նոզաձեն։
Նոզաձեն նշել է, որ «Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են պաշտպանել և իրացնել Բահրուզ Սամադովի առողջության իրավունքը, մինչ նա անարդարացիորեն բանտարկված է»։
«Մինչ նրանք շարունակում են զրկել նրան առողջապահական համարժեք ծառայություններից, այդ թվում՝ հոգեկան առողջության աջակցության հասանելիությունից, նրա առողջական վիճակը վատթարանում է։ Առողջապահական ծառայություններից նրան զրկելը և ընտանիքի հետ շփման սահմանափակումները կարող են համարվել դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, որը հակասում է մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորություններին»,- ասվում է Նոզաձեի հայտարարությունում։
Բահրուզ Սամադովի փաստաբան Զիբեյդա Սադիգովան այսօր ավելի վաղ հայտնել էր, որ իր պաշտպանյալը սուր առարկայով մի քանի անգամ կտրել է աջ ձեռքը Գերագույն դատարանի նիստի ընդմիջման ժամանակ։
Amnesty International-ի Հարավային Կովկասի հարցերով հետազոտող Նատալյա Նոզաձեն նաև ասել է, որ Բահրուզ Սամադովը ի սկզբանե չպետք է բանտարկվեր։
«Նա կրում է 15 տարվա ազատազրկում՝ «պետական դավաճանության» կեղծ մեղադրանքներով, որոնք կապված են նրա խաղաղաշինական, լրագրողական ակտիվ գործունեության և Հայաստանի հետ երկխոսության համար պայքարով։ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն նրան», հավելել է գիտաշխատողը։
Բահրուզ Սամադովը ադրբեջանցի հետազոտող է, խաղաղաշինության ոլորտի ակտիվիստ և տարածաշրջանը լուսաբանող OC Media անկախ լրատվամիջոցի նախկին աշխատակից, ձերբակալվել է Բաքվում 2024 թվականի օգոստոսի 21-ին։
Նրան մեղադրանք է առաջադրվել «պետական դավաճանության» համար՝ հայ քաղաքացիների հետ իր հետկոնֆլիկտային և խաղաղաշինության ակտիվիզմի շրջանակում ունեցած կապերի համար։
2025 թվականի հունիսի 23-ին նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։ Amnesty International-ը նրան առաջադրված մեղադրանքները համարում է շինծու և բազմիցս կոչ է արել նրան անհապաղ և անվերապահ ազատ արձակել։