Կառավարությունը վաղվա նիստում ավելի քան 270 միլիոն դրամի արտոնություն կտա ռուսական սահմանափակումների տակ գտնվող «Ջերմուկ գրուպին»: Հանքային ջուր արտադրող ընկերությունը պատկանում է Հանրապետական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին, որի որդին այժմ Վայոց ձորի մարզպետն է:
Մաքսատուրքերից ազատելու արտոնությունը տրամադրվում է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում: Կառավարության որոշման նախագծում նշված է, որ Վայոց ձորում գործող «Ջերմուկ գրուպը» հումք և սարքավորումներ է ներմուծելու, որոնք նախատեսում է օգտագործել պոլիէթիլային ջերմակցման թաղանթի արտադրության և թողարկված արտադրանքը տեղափոխելու նպատակով։
«Ընդհանուր արժեքի մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 270․7 մլն դրամ», - հայտնում է կառավարությունը:
Այս տարեսկզբին Ռուսաստանը հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումները սկսեց «Ջերմուկ գրուպ»-ից՝ որակական չափանիշներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ արգելելով հանքային ջրի վաճառքն իր տարածքում: