Դադիվանքից մշակութային արժեքներ Հայաստան տեղափոխելու մասին Բաքվի մեղադրանքներին Երևանում այսօր արձագանքել են խորհրդարանական ուժերը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» Էդուարդ Աղաջանյանն, «Ազատության» հարցին պատասխանելով, ասել է, որ Հայ առաքելական եկեղեցուն պատկանող այն գույքը, որը հնարավոր էր տեղափոխել Հայաստան, պետք էր բերել։
«Կարծում եմ՝ Հայ առաքելական եկեղեցուն պատկանող ցանկացած գույք, որը հնարավոր էր բերել Հայաստան, պետք էր բերվեր Հայաստան։ Այստեղ զարմանալի բան չեմ տեսնում․ մեր ազգային հարստությունն է և պետք է լինի Հայաստանում», - ասել է Աղաջանյանը։
Հարցին՝ ինչ նպատակ կարող են հետապնդել Բաքվի հայտարարությունները, իշխանական պատգամավորն ասել է՝ դա պետք է հարցնել ադրբեջանական կողմին, սակայն շեշտել է, որ նման մեղադրանքները չեն նպաստում խաղաղության շուրջ ձևավորվող մթնոլորտին։
«Երբ մենք ասում ենք՝ խաղաղությունը նոր է ձևավորվում և խնամքի կարիք ունի, այն երկուստեք խնամքի կարիք ունի։ Հուսով եմ՝ Ադրբեջանի մեր գործընկերները գիտակցում են դրա կարևորությունը և հնարավորինս զերծ կմնան իրավիճակը սրող և խաղաղության ամրապնդմանը չնպաստող գործողություններից ու հայտարարություններից», - ասել է նա։
Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքից Իշխան Սաղաթելյանն, իր հերթին, Բաքվի վերջին հայտարարությունները կապել է Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականության հետ։
Նրա պնդմամբ՝ Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության ծագումը՝ այն ներկայացնելով որպես աղվանական կամ ալբանական ժառանգություն։
«Այս քայլով վերահաստատվում է՝ Նիկոլ Փաշինյանն իր վարած քաղաքականությամբ Հայաստանին զոհից դարձնում է ագրեսոր», - հայտարարել է Սաղաթելյանը։
Ընդդիմադիր պատգամավորը նաև պնդել է, որ Բաքուն այդ կերպ փորձում է խուսափել Ղարաբաղում տեղի ունեցածի համար պատասխանատվությունից և վերացնել հայկական հետքը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից էլ հայտարարել են, որ Հայաստանը պետք է Դադիվանքի և ընդհանրապես հայկական մշակութային ժառանգության շուրջ Ադրբեջանի քաղաքականությանը արձագանքի պետական ամենաբարձր մակարդակով և միջազգային հարթակներում։
Կուսակցության ներկայացուցիչ Մարիաննա Ղահրամանյանը նշել է, որ նման հարց բարձրացնելու համար հարմար հարթակ կարող է լինել նաև ՄԱԿ-ի ամբիոնը՝ Բաքվի քայլերը որակելով հայկական մշակութային ժառանգությունը յուրացնելու և դրա ակունքները խեղաթյուրելու քաղաքականություն։
Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան հայտարարել էր, թե 2020 թվականի պատերազմից հետո Դադիվանքից Հայաստան են տեղափոխվել խաչեր, զանգեր, որմնանկարներ ու այլ մշակութայինարժեքներ, իսկ որոշ տեղեկություններ ներառվել են Ինտերպոլի «Գողացված արվեստի գործեր» տվյալների բազայում։
Բաքուն միաժամանակ շարունակում է Դադիվանքն ու Գանձասարը ներկայացնել որպես Կովկասյան Աղվանքի ժառանգություն։