Մատչելիության հղումներ

Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մասնակցում է Դոհայի ֆորումին, Դոհա, 6-ը դեկտեմբերի 2025 թ.
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մասնակցում է Դոհայի ֆորումին, Դոհա, 6-ը դեկտեմբերի 2025 թ.

Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին, «Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների 100-ամյակի» թեմայով Նյու Յորքում կազմակերպված պանելային քննարկմանը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը, հայտնում է Haberler.com-ը:

Հաքան Ֆիդանն ասել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը ցույց է տալիս, որ այս երկրները կարող են համատեղ աշխատել հարևան տարածաշրջաններում խաղաղության և կայունության առաջխաղացման համար: Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ու Անկարան նպատակ ունեն նվազեցնել Սև ծովում լարվածության սրման ռիսկերը, ապահովել նավարկության անվտանգությունը և Սև ծովը դարձնել համագործակցության, այլ ոչ թե խնդիրների աղբյուր։

«Մինչ մենք մոտենում ենք [մեր դիվանագիտական հարաբերությունների] 100-ամյակին՝ մեր պատմությունն ապացուցում է, թե ինչի կարող ենք հասնել միասին։ Ես խորապես համոզված եմ, որ այս ուժեղ ներուժը, որը ամրապնդվել է նախագահ Էրդողանի և նախագահ Թրամփի միջև հարաբերությունների շնորհիվ, կօգնի մեզ ինստիտուցիոնալացնել և խորացնել մեր համագործակցությունը տարբեր տարածաշրջաններում և տարբեր հարցերի շուրջ»,- ասել է նա։

Թուրք պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների 100-ամյակին մոտենալուն զուգընթաց հնարավորություն է ստեղծվել գնահատելու, թե ինչի է հասել երկու երկրների միջև գործընկերությունը մինչ օրս և ինչի կարող է հասնել ապագայում:

«Մեր հարաբերությունները ժամանակի ընթացքում փորձության են ենթարկվել և ցույց են տվել իրենց կայուն արժեքը։ Աշխարհագրորեն հեռու գտնվող երկու երկրներ դարձել են գործընկերներ և դաշնակիցներ՝ իրենց ազդեցությամբ մեր սահմաններից շատ ավելի հեռու։ Մեր հարաբերությունները դիմացել են՝ չնայած հակամարտություններին, ճգնաժամերին և միջազգային համակարգում տեղի ունեցած դրամատիկ փոփոխություններին»,- ասել է նա։

Ֆիդանը նշել է, որ երկու երկրներն էլ կարողացել են հաղթահարել մարտահրավերները, քանի որ գիտակցեցին գործընկերության կարևորագույն արժեքը։

Վերացնել խոչընդոտներն ու սահմանափակումները

Ֆիդանը նշել է, որ պաշտպանական համագործակցությունը վաղուց ի վեր Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների ամուր հենասյունն է եղել: «Մենք պետք է լուծենք առկա խնդիրները և վերացնենք համագործակցությանը խոչընդոտող սահմանափակումները: Այս սահմանափակումները չպետք է տեղ ունենան երկու դաշնակիցների միջև: Մեր նախագահները քաղաքական ուժեղ կամք են ցուցաբերել՝ իրենց ընդհանուր ընկալում վերածելու կոնկրետ արդյունքների»:

Ֆիդանը նաև նշել է, որ սահմանափակումների վերացումը կօգնի ընկերություններին ավելի զարգացնել իրենց գործընկերությունն աշխարհի տարբեր մասերում: Նրա խոսքով՝ էներգետիկան ևս մեկ ոլորտ է, որտեղ սերտ համագործակցությունը կարող է շոշափելի և նշանակալի արդյունքներ բերել։

Թուրք պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ-ն այժմ Թուրքիայի համար առաջատար էներգակիրների մատակարար է, և որ երկարաժամկետ համաձայնագրերն ամրապնդում են այս հարաբերությունները։

Իրացնել համագործակցության ողջ ներուժը

Ընդգծելով, որ թուրք-ամերիկյան հարաբերություններն այսօր նոր թափ են ստացել՝ Ֆիդանն ասել է, որ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Դոնալդ Թրամփի բացառիկ հարաբերությունները կենտրոնական դեր են խաղում ներկայիս առաջընթացում։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է այս առաջընթացը վերածել կոնկրետ ձեռքբերումների ոչ միայն երկու երկրների, այլև տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանման համար, ինչպես նաև ինստիտուցիոնալացնել համագործակցությունը։

«Մինչ մենք թևակոխում ենք մեր դիվանագիտական հարաբերությունների երկրորդ դար, մենք վճռականորեն տրամադրված ենք իրացնել մեր համագործակցության ողջ ներուժը և լուծել մեր ճանապարհին կանգնած խնդիրները։ Դրա համար մենք պետք է գնահատենք, թե որտեղ ենք գտնվում և սահմանենք հստակ նպատակներ այն մասին, թե ինչի կարող ենք հասնել միասին»,- ասել է նա։

ԱՄՆ-ն պետք է ավելի շատ ազդի Իսրայելի վրա

Թուրքիայի գլխավոր դիվանագետը նշել է, որ Մերձավոր Արևելքում տարածաշրջանային ամուր անվտանգությունը նաև ամրապնդում է ռազմական անվտանգության ասպեկտը և Եվրոպայի անվտանգության ճարտարապետությունը, սակայն զգուշացրել է, որ փոխկապակցված սպառնալիքները կարող են խաթարել համատեղ ջանքերը։

Թվարկելով Իրան-Իրաք, Եմենի հակամարտությունը և «Իսրայելի անկայունացնող քաղաքականությունն ու գործողությունները տարածաշրջանում»՝ Ֆիդանն ասել է, որ այս սպառնալիքները միմյանց ուժեղացնում են և խոչընդոտում դիվանագիտությանը:

«Դրանց դեմ պայքարը պահանջում է արդյունավետ տարածաշրջանային պատասխանատվություն և սերտ համագործակցություն ԱՄՆ-ի հետ: Մասնավորապես, մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ն ավելի շատ կօգտագործի իր ազդեցությունը Իսրայելի վրա՝ վերջ դնելու իր քաղաքականությանը, որը խաթարում է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային խաղաղությունն ու կայունությունը»,- ասել է նա:

Գազա և Սիրիա

Նա նշել է, որ Գազան մնում է տարածաշրջանում և դրանից դուրս անվտանգություն, համագործակցություն և բարգավաճում կառուցելու «մեր համատեղ կարողությունների գլխավոր փորձությունը»։

Ըստ նրա՝ Գազայում տեղի ունեցած ցեղասպանությունը և Պաղեստինի խաղաղ բնակիչների դեմ շարունակվող վայրագությունները «խորապես վիրավորել են համաշխարհային խիղճը և անդառնալիորեն խաթարել միջազգային համակարգի նկատմամբ վստահությունը»: Պաղեստինյան հարցին կայուն լուծում գտնելը շարունակում է կարևոր լինել Մերձավոր Արևելքի և դրանից դուրս կայունության համար, ասել է նա։

Ֆիդանը նաև խոսել է Սիրիայի մասին՝ ասելով, որ Թուրքիան նպատակ ունի ամրապնդել այս երկրի ազգային ինստիտուտները, որպեսզի դրանք կարողանան արդյունավետ կառավարել և թույլ չտալ ահաբեկչական կազմակերպություններին գործել։

«Ահաբեկչությունից զերծ և տարածքային ամբողջականությունը պահպանող Սիրիան զգալի քայլ կլինի դեպի առաջ տարածաշրջանային անվտանգության և բարգավաճման առումով»,- ասել է նա։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG