ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների տրամադրության տակ գտնվող Patriot համակարգերի հրթիռների պահանջարկն արդեն գերազանցում է առաջարկը, «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքերը՝ զգուշացնելով, որ Ուկրաինային ձմռանն անհրաժեշտ հակաօդային պաշտպանությունն ապահովելու համար դաշնակիցները ստիպված են լինելու լրացուցիչ պաշարներ գտնել։
«Պահանջարկը գերազանցում է առաջարկը, և մենք՝ թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ հատկապես մեր դաշնակիցները, պետք է լուրջ ջանքեր գործադրենք՝ գտնելու միջոց, որ Ուկրաինան կարողանա պաշտպանվել ձմռանը», - ասել է Ուիթաքերը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերջերս հայտարարել էր, որ երկիրը ձմեռն անցկացնելու համար շուրջ 300 PAC-3 հրթիռի կարիք ունի։ Վերջին ամիսներին ռուսական ինտենսիվ օդային հարվածների ֆոնին Կիևը արևմտյան գործընկերներին պարբերաբար կոչ է անում լրացուցիչ հակաօդային պաշտպանության միջոցներ տրամադրել։
Ուիթաքերը չի հստակեցրել, թե այս տարի քանի Patriot հրթիռ կարող է ստանալ Ուկրաինան։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնն այժմ դաշնակիցների հետ փորձում է գտնել ազատ հրթիռներ, որոնք հնարավոր կլինի փոխանցել կամ վաճառել Կիևին։ Պաշարների վրա ազդել է նաև Իրանի հետ ԱՄՆ-ի հակամարտությունը, որի ընթացքում Patriot-ներ են օգտագործվել ամերիկյան ուժերի կողմից։
Ուկրաինայում Patriot-ների արտադրության հնարավորությունը ևս քննարկվում է, սակայն, Ուիթաքերի խոսքով, դա այս ձմռան խնդիրը չի լուծի։ Կողմերը դեռ պետք է կարգավորեն արտադրության արտոնագրերի և մտավոր սեփականության հետ կապված հարցերը։
Ուիթաքերը «Ազատության» հետ զրուցել է Պրահայում անցկացվող պաշտպանական համաժողովի շրջանակում։ Այնտեղ Patriot-ների պակասի մասին խոսել են նաև եվրոպացի պաշտոնյաները։ Շվեդիայի պաշտպանության նախարար Պոլ Յոնսոնը հայտնել է, որ իր երկիրը փոխանցելու ազատ հրթիռներ չունի, բայց բանակցություններ են ընթանում Եվրատլանտյան տարածքից դուրս գտնվող երկրների հետ։ Լեհաստանն էլ հայտարարել է Ուկրաինային Patriot-ներ ներառող նոր օգնության փաթեթ տրամադրելու մասին, սակայն հրթիռների թիվը չի հրապարակվում։