Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Մարգարյանն ընդդեմ Հայաստանի» գործով այսօր հրապարակած վճռով միաձայն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ՝ «կյանքի իրավունք/քննություն» և 13-րդ՝ «արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի իրավունք» հոդվածների խախտումներ: Դատարան վճռի համաձայն՝ Հայաստանը պետք է հայցվորին վճարի 50 հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։
Դիմումատուն Պերճ Մարգարյանն է, գործը վերաբերում է 2014 թվականին ծառայության ընթացքում նրա ժամկետային զինծառայող որդու մահվան դեպքին։ Արթուր Մարգարյանի դին հայտնաբերել էին պահակակետի մոտակայքում գտնվող խրամատում՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով։ Զինվորը զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Եվրոպական դատարանը մասնավորապես արձանագրել է, որ քննությամբ չի տրամադրվել զինծառայողի մահվան համոզիչ բացատրություն։ Իշխանությունների եզրակացությունը, թե նա ինքնասպանություն է գործել, գլխավորապես հիմնված է եղել հետմահու հոգեբուժական եզրակացության վրա, որը հղում է կատարել նրա «տարօրինակ վարքագծի» վերաբերյալ վկաների ցուցմունքներին, թեև դա հակասել է զինծառայողի կենդանության օրոք հրամանատարների կողմից նրան տրված բնութագրերին։
Հետևաբար, ըստ ՄԻԵԴ-ի, իշխանությունները կարճել են գործը՝ հիմնվելով, այսպես կոչված, շտապողական եզրակացությունների վրա՝ առանց լրջորեն ուսումնասիրելու որևէ այլ հնարավոր վարկած։
Դատարանը նաև արձանագրել է, որ զինծառայողի հայրը՝ սույն գործով դիմումատուն, Հայաստանում չի ունեցել որևէ իրավական հնարավորություն՝ հաստատելու պետության պատասխանատվությունը որդու մահվան համար կամ փոխհատուցում պահանջելու։
Արթուր Մարգարյանը զորակոչվել էր 2013 թվականի դեկտեմբերին, ծառայում էր Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորամասերից մեկում: Զորակոչվելուց մեկ տարի անց նա մահացել է: Քրեական գործը հարուցվել էր ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: