Հայաստանի կառավարությունը հիմքեր է ստեղծում, որ եկամուտների հայտարարագրին զուգահեռ ներդրված սոցիալական ծախսերից հնարավոր լինի նվիրատվություններ կատարել կուսակցություններին, լրատվամիջոցներին ու հասարակական կազմակերպություններին։ Համապատասխան օրենսդրական փոփոխության նախագիծը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում։
Գործող կարգավորումների համաձայն՝ այն քաղաքացիները, որ ՊԵԿ են ներկայացնում իրենց եկամուտների հայտարարագիրը, կարող են տարեկան մինչև 100 000 դրամի չափով սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ։ Մինչ այս կարգավորումը այդ գումարը կարող էր ուղղվել անձի կրթական ու առողջապահական ծախսերին։ Նոր կարգավորումները ենթադրում են, որ քաղաքացին կարող է այդ գումարն անհատույց տրամադրել կուսակցություններին, ՀԿ-երին ու լրատվամիջոցներին։
Կառավարությունը սա հիմնավորել է նրանով, որ հասարակական կազմակերպությունների, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց (անհատ ձեռնարկատերերի) և կուսակցությունների կայուն ու շարունակական գործունեությունը կարևոր նշանակություն ունի անկախ կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ու ազատ, անկողմնակալ խոսքի զարգացման քաղաքականության տեսանկյունից ու մինչ այժմ ինստիտուցիոնալ կառուցակարգեր առկա չեն եղել։
Սպասվում է, որ առաջիկայում կառավարությունը կհստակեցնի այս կառույցներին նվիրատվություն կատարելու կարգը, չափերը։