Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել հույս հայտնելով, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն արժանանա՝ «խաղաղութեան կեղծ շպարի ետին...»։
Իր ֆեյսբույքնա էջում գրառմանը կից հրապարակելով տեսանյութեր Արամ Ա-ն նշելով, որ հրապարակված տեսանյութերում Հայաստանի «բարեկամները» պարում են Շուշիում և «հիացումով» դիտում ու լսում են, որ հայկական եկեղեցիներն ու պատմամշակութային հուշարձանները ներկայացվում են որպես «Ալպանական կառույցներ»։ «Խոր ցավով ու ընդվզումով դիտեցինք ընկերային ցանցերը ողողած այս տեսերիզները», - նշել է նա
Ալիևի օգնական Հաջիևը Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ նախօրեին այցելել էր Գանձասարի վանական համալիր՝ պնդելով, որ այն ոչ թե հայկական, այլ աղվանական եկեղեցի է:
Ավելին՝ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան նաև ծաղրել էր հայերին: Ցուցասրահում ցույց տալով իբրև թե հայկական հին գրքերը՝ Հաջիևը հեգնել էր, թե դրանք հին քրիստոնեական գրքեր են ու բացելով դրանք՝ նա դիվանագետներին ցույց էր տվել այդ գրքերի դատարկ էջերը, ինչին ներկաները արձագանքել էին ծիծաղով:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը շեշտել է, որ այդ կառույցները դարերի ընթացքում կանգուն են մնացել հայ ժողովրդի ստեղծագործ ոգու, սրբերի աղոթքի և նահատակների արյան շնորհիվ՝ տեղի ունեցողը բնորոշելով որպես «պատմության ահավոր խեղաթյուրում»։
Արամ Ա-ն միևնուն ժամանակ տեղի ունեցողը գնահատել է որպես «ընդվզեցուցիչ երևույթ», որն ըստ նրա հետևանք է «մեր անմիաբանութեան ու անհեռատես քաղաքականութեան»
«Ցավալի երևույթ մը, որ մեզ պէտք է մղէ ինքնագիտակցութեան եւ համախմբուելու մեր հայրենիքին ու ազգին գերագոյն ու ընդհանրական արժէքներուն, շահերուն ու իտէալներուն շուրջ»,- նշել է նա։
Օրեր առաջ էլ Կովկասի ժառանգության մշտադիտարկման միջազգային կենտրոնը արբանյակային լուսանկարներով փաստագրել էր Շուշիի պատմական արևելյան գերեզմանոցի ոչնչացումը։ 12-13-րդ դարերի խաչքարերով ու պատմական տապանաքարերով տարածքը հողին է հավասարեցվել, իսկ դրա մի մասով այժմ կոյուղատար է անցկացվում։