Մատչելիության հղումներ

Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Զելենսկու նախկին մամուլի քարտուղարի նկատմամբ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ՝ նրան մեղադրելով ռուսական քարոզչության և ապատեղեկատվության տարածման, ինչպես նաև Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությանը աջակցելու մեջ։

Մենդելը Զելենսկու մամուլի քարտուղարն էր 2019-2021 թվականներին։ Պաշտոնից հեռանալուց հետո նա բազմիցս քննադատել է Ուկրաինայի նախագահին և նրա թիմին։

Այս տարվա մայիսին ամերիկացի պահպանողական լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում Մենդելը Զելենսկուն մեղադրել էր փողերի լվացման և թմրանյութերի օգտագործման մեջ, իսկ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակին անվանել էր «շատ վտանգավոր մարդ»։ Նա նաև պնդել էր, թե 2022 թվականի Ստամբուլի բանակցությունների ժամանակ ուկրաինական պատվիրակությունը պատրաստ էր ընդունել պատերազմի դադարեցման համար Ռուսաստանի բոլոր պահանջները։ Այս պնդումների համար Մենդելը որևէ ապացույց չէր ներկայացրել։

Պատժամիջոցները նախատեսում են ակտիվների սառեցում, առևտրային գործարքների սահմանափակում, Ուկրաինայից կապիտալի դուրսբերման արգելք և այլ սահմանափակումներ։

Մենդելն իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ նման պատժամիջոցները հակասահմանադրական են, և Զելենսկին դրանք օգտագործում է բոլոր նրանց դեմ, ովքեր խաղաղության կողմնակից են։

Նույն որոշմամբ Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել նաև Ռուսաստանի «ստվերային նավատորմի» ևս 20 նավի, ինչպես նաև «Ռոստեխ»-ի հետ կապ ունեցող ռուսական ընկերությունների և քաղաքացիների նկատմամբ։

XS
SM
MD
LG