Շաբաթ օրը Ուկրաինայի տարբեր քաղաքների ռուսական ուժերի հասցրած հարվածներից առնվազն 9 մարդ է զոհվել, հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը:
Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում ռուսները հարձակվել են ավտոմեքենաների վրա, մեկուկես ժամվա ընթացքում երեք հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել:
«Դրանք ռազմական թիրախներ չեն, դրանք սովորական քաղաքացիական ավտոմեքենաներ են: Մարդիկ գնում էին իրենց գործերով», - ընդգծել է Կրամատորսկի քաղաքային խորհուրդը:
Ժիտոմիրի մարզի նահանգապետ Վիտալի Բունեչկոն հաղորդել է, որ ռուսները հարված են հասցրել նպարեղենի խանութի Զվյագել քաղաքում` սպանելով երկու մարդու:
Զապորոժիեի մարզի նահանգապետ Իվան Ֆյոդորովը հաղորդել է, որ Զապորոժիե քաղաքին և այլ բնակավայրերի հասցված հարվածների հետևանքով երկու մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել:
Կրիվոյ Ռոգի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեքսանդր Վիկուլի փոխանցմամբ՝ գիշերը քաղաքին անօդաչու թռչող սարքերով և հրիթռներով հասցված հարվածներից երկու մարդ է զոհվել:
Սեպտեմբերի լույս 13-ի գիշերն էլ ռուսները հարվածներ են հասցրել Օդեսային և Ուկրաինայի արևմտյան մարզերին:
Օդեսայի բնակելի շենքերի վրա հարձակումների հետևանքով առնվազն 9 մարդ է տուժել:
Վոլինի մարզում՝ Լեհաստանի սահմանից մոտ 2 կմ հեռավորության վրա, հարված է հասցվել Կիև-Վարշավա մարդատար գնացքի լոկոմոտիվին: Ուղևորները տարհանվել են, տուժածներ չկան:
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ երկրի վրա արձակվել է սովորականից շատ՝ 450-ից ավելի անօդաչու թռչող սարք, առավոտյան գրոհները շարունակվել են:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե Ուկրաինայի զինված ուժերի հետ կապված վառելիքաէներգետիկ, տրանսպորտային, այդ թվում՝ երկաթուղային ենթակառուցվածքների, լոգիստիկ կենտրոնների, անօդաչու թռչող սարքերի և ռոբոտացված համալիրների հավաքման արտադրամասերի ու պահեստարանների է հարվածել: