Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն երեկ ու այսօր Ազգային ժողովի երեք խմբակցությունների հետ առանձին հանդիպումներ է ունեցել:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանի ու խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանի հետ հանդիպմանը, ըստ ԱԺ լրատվականի, քննարկվել են Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի և ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանի հետ հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հետագա խորացման ու ընդլայնման հեռանկարներին վերաբերող հարցերի, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցության համատեքստում։
Նշվում է, որ Ռուսաստանի դեսպանը «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչների հետ քննարկել են նաև աշխարհաքաղաքական զարգացումները։
Նախօրեին էլ Կոպիրկինը հանդիպել էր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի և քարտուղար Արթուր Խաչատրյանի հետ:
Ինչպես նշված է «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջում, խմբակցության անդամները իրենց մտահոգությունն են արտահայտել հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակի վերաբերյալ։
Պատգամավորներն ընդգծել են, որ երկու երկրների միջև արտաքին առևտրի սահմանափակումների հետևանքները կրում են պարզ քաղաքացիները, գյուղացիական և ֆերմերային տնտեսություններն ու գործարարները։ Կարճ անդրադարձ է կատարվել նաև ընդդիմադիր ուժերի ղեկավարների կալանավորման հարցին։
Ռուսաստանը հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումներ սկսեց կիրառել հունիսյան խորհրդարանական ընտրություններից առաջ։ Ապրանքների ցանկը պարբերաբար ընդլայնվում է։ Հայաստանի պաշտոնյաները ամիսներ առաջ վստահ էին, որ հարցը կլուծվի, սակայն իրավիճակը չփոխվեց անգամ սեպտեմբերի սկզբին տեղի ունեցած Փաշինյան-Պուտին բանակցություններից հետո։