Մի կողմից՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցեր ու կոռուպցիոն քրեական գործեր Վանաձորը 17 տարի ղեկավարած նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ու նրա հարազատների նկատմամբ, մյուս կողմից՝ միլիարդավոր դրամների պետական պատվերներ նույն այդ ընտանիքին:
«Ռ. Ղազարյան» ընկերությունը միայն այս տարի ավելի քան 4,7 միլիարդ դրամի պետական պատվեր է ստացել Տարածքային կառավարման նախարարությունից, Տարածքային զարգացման հիմնադրամից, Լոռու մարզպետարանից և Վանաձորի համայնքապետարանից: Նույնքան էլ նախորդ տարի էր ստացել:
Դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, բակեր ու այգիներ կառուցող «Ռ. Ղազարյան» ընկերության միակ սեփականատերը նախկին քաղաքապետի եղբոր հարսն է՝ Ռիմա Ղազարյանը, որը Սամվել Դարբինյանի հետ նույն հասցեում է հաշվառված: 2022-ին Քաղաքաշինության կոմիտեն այս ընկերությանն ընդգրկել էր անբարեխիղճ շինարարների «սև ցուցակում»։ «Ռ․Ղազարյան» ՍՊԸ-ն վիճարկել է որոշումը, բայց արդեն չորս տարի է՝ որևէ դատական նիստ չի կայացել, թեև օրենսդրությամբ գնումների մասին վեճերը քննելու առավելագույնը 40-օրյա ժամկետ է սահմանված:
Ինչո՞ւ դատարանը չորս տարի անց որոշում չունի, պարզ չէ, բայց քանի դեռ դատական ակտ չկա, «Ռ. Ղազարյան»-ին «սև ցուցակում» ներառելու մասին որոշումը կասեցված է, ինչը հնարավորություն է տալիս ընկերությանը մասնակցել ու հաղթել պետական մրցույթներում։
Սրան զուգահեռ Հակակոռուպցիոն դատարանը քննում է Դարբինյանների դեմ Գլխավոր դատախազության հայցը։ Իրավապահները պահանջում են հօգուտ պետության բռնագանձել Երևանում, Վանաձորում ու Ձորաղբյուրում գտնվող տասնյակ գույքեր, ավտոմեքենա, 6 ընկերության բաժնեմասեր ու հարյուրավոր միլիոն դրամներ:
Ապօրինի գույքի գործով անցնում է նաև Դարբինյանի որդին՝ Վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանը: 20 տարի առաջ, երբ հայրը Վանաձորի քաղաքապետն էր ու որդու անունով սեփականաշնորհում էր Վանաձորի կենտրոնական հրապարակի մի մասը, նույն որդին ընտանեկան շինընկերության իրավաբանն էր: Երկու տարի անց նա արդեն դատական համակարգում էր՝ դատավորի օգնականից հասնելով դատարանի նախագահի պաշտոնի:
Կվերադարձնե՞ն Դարբինյանները պահանջվող գույքը․ Վանաձորի նախկին ղեկավարը մեղքը չի ընդունում: «Ազատությանն» ավելի վաղ ասել էր, որ իր ունեցածը միայն «մաքուր քրտինքով ձեռքբերած է»:
Դատախազության երկու տարի առաջ ներկայացված հայցով առաջին նախնական նիստը նշանակված է միայն հաջորդ ամիս։ Դարբինյանների՝ վաղեմության ժամկետով գործը կարճելու միջնորդությունը դատարանը մերժել է, այլ քրեական գործերով դատարանը հենց վաղեմության հիմքով նախկին քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել էր:
2018-ի հեղափոխությունից հետո Լոռու մարզպետարանը պարբերաբար հրապարակում էր Դարբինյանների օտարած գույքի ցանկը՝ մանկապարտեզներ, մշակույթի տնից մինչև պատմամշակութային հուշարձաններ, որոնք անցել էին քաղաքապետին ու նրա մերձավորներին՝ հենց Դարբինյանի որոշմամբ:
Լոռու ներկայիս մարզպետ Արեն Մկրտչյանը խորհրդարանի ամբիոնից էր թվարկում՝ «Բաթումի 1 հասցե՝ մանկապարտեզի շենք, Բաթումի 10՝ մանկապարտեզ, Ազատամարտիկների պուրակ 1/4՝ մանկապարտեզ, Աճառյան 6՝ մանկապարտեզ»։
Սամվել Դարբինյանի պաշտոնավարման տարիներին ևս նրա ընտանիքին պատկանող շինարարական կազմակերպությունները խոշոր տենդերներ էին շահում Լոռիում: Առանց մրցույթի՝ միլիոնավոր դոլարներն իր իսկ ղեկավարած կառույց բերելիս արդարանում էր, թե իր ու իր եղբոր սեփական ընկերությունների կառավարման հետ ամենևին կապ չունի:
«Ընդհանրապես կառավարման հետ ես գործ չունեմ՝ ոչ ասենք մրցույթներ շահելու, ոչ էլ աշխատանքները կատարելու: Դա օրենքը թույլ է տալիս: Շահարկում են էդ խնդիրը, որ եղբայրս է կամ ընկերս է: Լոռու մարզում համարյա բոլոր շինարարներն էլ իմ ընկերներն են», - Դարբինյանը դեռ 2015-ին ասել էր «Ազատությանը»:
2018-ից հետո ճանապարհաշինարարական չարաշահումների ու կեղծիքների փաստերով հարուցված քրեական գործերը տարիներ անց կարճվեցին։ Դրանից հետո ընտանեկան բիզնեսն ավելի ակտիվացավ պետգնումներում՝ նախկինում անորակ շինարարության համար մեղադրվող նույն ընկերություններով։
Այժմ քրեական գործերից դատարանում է միայն Վանաձորի կեղտաջրերի մաքրման կայանի թալանի գործը․ Սամվել Դարբինյանն ու եղբայրը մեղադրվում են համայնքային խողովակները սեփական ՀԷԿ տեղափոխելու համար։ Մինչ դատարանը քննում է գործը, քննության առարկա ՀԷԿ-ը երկու անգամ վաճառվել է նոր սեփականատերերի․ ընդ որում՝ որոշ ժամանակ դրա տնօրենը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբայրն էր։
Մինչ իրավապահ համակարգում տարիներով ձգձգվում են Դարբինյանների գործերը, նախկին քաղաքապետի ընտանեկան բիզնեսը շարունակում է մնալ Լոռու մարզում պետական բյուջեի խոշորագույն կապալառուներից մեկը, իսկ իշխանականները բարձր ամբիոններից ու հարցազրույցներում շարունակում են պնդել՝ հետ են բերելու ապօրինի գույքը: