Մատչելիության հղումներ

Ինչպե՞ս է քաղաքապետարանը պատրաստվում նվազեցնել Երևանի խցանումները

Երևանի երթևեկությունը թեթևացնելու և խցանումները նվազեցնելու հարցը թեև այսօր ավագանու նիստի օրակարգում առանձին տող չուներ, բայց հիմնական ու ամենաթեժ քննարկումները հենց այս խնդրի մասին էին։

Նախ տրանսպորտի գծով փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասաց՝ առաջիկայում նոր տեսախցիկներ են տեղադրվելու քաղաքի մատույցներում և Փոքր կենտրոնի մուտքերի մոտ և հաշվելու են Երևան եկող և Կենտրոն մտնող մեքենաների քանակը, որպեսզի արդեն տվյալների վրա հիմնված որոշումներ ընդունեն։ Լուսացույցներն են արդիականացնելու և դրանք հետագայում արհեստական բանականության միջոցով են կարգավորվելու։ Առաջիկայում փորձելու են կրճատել նաև Երևան եկող մեքենաների հոսքը՝ Երևանի ծայրամասերում ավտոկայանատեղիներ կառուցելով։

«Տրամաբանությունը ընդհանուր, որին, որի ուղղությամբ շարժվում է Երևան քաղաքի իշխանությունը այս առումով, այն է, որ պետք է հիմնական արագ տեղափոխման միջոցը լինի հանրային տրանսպորտը», - ասաց Գրիգորյանը:

Հիմա, ըստ Սուրեն Գրիգորյանի, Երևանի երթևեկության կառավարման նորաստեղծ կենտրոնը արդեն իսկ հավաքում է Երևանի երթևեկության վերաբերյալ տվյալներ, որպեսզի կայացվելիք որոշումները ավելի հիմնավորված լինեն։ Համեմատությունը բժշկական ոլորտի հետ էր։

«Կանխատեսելով, որ օրինակ՝ պարոն Զարոկյանը անպայման այսօր ելույթ է ունենալու և ասելու է, որ մեզ թրաֆիք ինժեներ է պետք, այս առումով ասեմ հետևյալը․ այդ պնդումը միանշանակ ճիշտ է, բայց որպեսզի անալոգիկ հասկանանք, աշխարհի ցանկացած, ամենաբարձր որակավորում ունեցող բժշկի մոտ անգամ, որ մարդ գնում է, առաջին հերթին, բնականաբար, բժիշկը պետք է որոշակի տվյալներ հավաքի․․․», - նշեց նա:

Սուրեն Գրիգորյանի կանխատեսումն իրականացավ․ ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Պեդրո Զարոկյանը ելույթ ունեցավ և սուր քննադատեց, որ նորաստեղծ «Երևանի երթևեկության կառավարման հիմնարկում» նորմալ մասնագետ չկա, եղածներն էլ ծանոթով են։

Զարոկյանը որակումները զայրացրին քաղաքապետ Տիգրան Ավինյանին, ով ավագանու ընդդիմադիր անդամին զրկեց ձայնից. «Եթե Դուք շարունակեք Ձեր անպարկեշտ, անբարտավան, բերանը բացել սխալ ձևով, շատ խիստ կպատժվեք, պարոն Զարոկյան։ Եվ ես Ձեզ տալիս եմ նախազգուշացում և զրկում եմ ձայնի իրավունքից»:

Ավագանու այս նիստի ընթացքում քաղաքապետ Ավինյանին զայրացրին ոչ միայն Զարոկյանի որակումները, այլ նաև իր տեղակալի պատասխանը։

Երթևեկությունը թեթևացնելու համար մարզային տրանսպորտի շարժը Երևանով պետք է արգելվի․ մարզային ավտոբուսներն էլ առավելագույնը ավտոկայան պիտի հասնեն, այլ ոչ թե խառնվեն քաղաքի երթևեկությանը։ Ինչո՞ւ է մարզային տրանսպորտը դեռ Երևանի փողոցներով երթևեկում․ ահա այս հարցին ի պատասխան փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի արդարացումները, թե դա միայն քաղաքային իշխանության տիրույթում գտնվող հարց չէ, Ավինյանի խիստ արձագանքին արժանացան. «Պարոն Գրիգորյան, այս թեմայով շատ կոնկրետ խոսակցություն ենք ունեցել և շատ հստակ հանձնարարական եմ տվել․ մեր տիրույթում է, Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացնեն մարզային տրանսպորտով...»:

Ավագանու ընդդիմադիր անդամները խցանումները պակասեցնելու քաղաքային իշխանությունների որոշումներում նաև տրամաբանության խախտում են տեսնում․ նախ պետք է մարդկանց համար պայմաններ ստեղծել, հետո արգելել։

Ավագանու անդամ Վահան Ավագյանը հայտարարեց. «Առաջնայինը պետք է Երևանը շրջանցիկ ունենանա, հետո նոր հասնենք այս Երևան մտնող կայանատեղիների հարցի քննարկմանը, որովհետև ես զգում եմ, որ դա էլ կարող է դառնա վճարովի...»:

Ողջ ենթակառուցվածքի և անհրաժեշտ քանակի ավտոբուսների համար հսկայական գումարներ են պետք, բայց չկա հարցի պատասխանը, թե որտեղի՞ց է այդ գումարը գտնվելու, նկատեց «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հովսեփ Կուբաթյանը։

Նույն խմբակցությունից Իզաբելլա Աբգարյանն էլ ասաց՝ Երևանը չունի այնպիսի հանրային տրանսպորտ, հանուն որի քաղաքացին կհրաժարվի մեքենայից։ Տվյալահեն որոշումներ ունենալն, իհարկե, լավ է, նկատեց ավագանու ընդդիմադիր անդամ Իզաբելլա Աբգարյանը, բայց վատ չէր լինի մինչև այդ տվյալների հավաքագրումը, վերլուծությունն ու արհեստական բանականությանը դիմելը ակնհայտ և պարզ լուծում պահանջող հարցերը կարգավորելու համար նաև տրամաբանությունն աշխատեցնել։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG