Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում վերջին շրջանում տեղի ունեցող «մտահոգիչ երևույթը՝ վանքապատկան տարածքում անհարիր միջոցառումների, այս պարագայում՝ խնջույքի անցկացումը, ինչը խաթարում է վանքի հոգևոր և աղոթական մթնոլորտը, անհանգստություն պատճառում շրջակայքի բնակչությանը»։
Հայկական որոշ լրատվամիջոցներում և համացանցում երեկվանից տեսանյութեր էին տարածվում, ըստ որոնց Հովհաննավանքի տարածքում հնչում էր բարձր երաժշտություն:
Կարգալույծ արված, բայց այդպես էլ Հովհաննավանքից դուրս չեկող նախկին քահանա Տեր Արամը՝ նույն ինքը Ստեփան Ասատրյանն էլ այսօր հայտարարել է. «Երեկվանից համացանցում տարածվում են զրպարտչական տեսանյութեր այն մասին, թե իբրև Հովհաննավանքի տարածքում հարսանեկան արարողությունից հետո հնչել են սրբավայրի տարածքին ոչ հարիր երաժշտություն։ Տեղեկացնում եմ, որ տեսագրության մեջ տարածվող տեղեկություններն արդյունք են համակարգչային պարզ համադրման և չեն համապատասխանում իրականությանը»:
Մայր Աթոռն ընդգծում է, թե «այս իրավիճակն անմիջական հետևանքն է կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի նկատմամբ իշխանությունների բացահայտ հովանավորության և թողտվության, որով ուղղակի ոտնահարվում են ՀՀ օրենքները և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավունքները»։
«Հովհաննավանքի բռնազավթված լինելու իրողությունը, տեղ գտնող ինքնիրավչությունը նաև վիրավորում են հավատացելոց բարեպաշտական զգացումները, ոտնահարում իրավունքները՝ անվավեր ծեսերով ու խորհրդակատարություններով մոլորության մեջ գցելով բարեպաշտ այցելուներին», - նշված է Մայր Աթոռի հայտարարությունում:
Մայր Աթոռը վերստին կոչ է ուղղում պատկան պետական մարմիններին՝ «զերծ մնալու եկեղեցական կյանքին պառակտիչ միջամտություններից և վերականգնելու զավթյալ բոլոր եկեղեցիների օրինական կարգավիճակը»։
Քահանային Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ արեցին՝ պնդելով՝ հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ եկեղեցին, թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին, նաև՝ պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունները: Այնպես, ինչպես վերջին ամիսներին արվում էր մի քանի եկեղեցիներում, որտեղ պատարագի էր մասնակցում Կաթողիկոսի հրաժարականը պահանջող վարչապետը:
Ասատրյանը, սակայն, պնդում է, թե կարգալուծության մասին որոշումն ապօրինի է, և ինքը՝ որպես քաղաքացի, ազատություններ ունի ու կարող է կիսել այս կամ այն քաղաքական ուժի տեսակետը, ընդգծում՝ եկեղեցին իսկապես բարենորոգման կարիք ունի: