Ռուսական ուժերը գիշերը հարվածել են Ուկրաինայի Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզերին, կան վիրավորներ։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը գիշերվա ընթացքում արձակել է «Խ-59» կառավարվող ավիացիոն հրթիռ և 121 անօդաչու։ Ուկրաինական կողմը պնդում է, որ խոցել է անօդաչուներից 96-ը, իսկ հրթիռը թիրախին չի հասել։
Զապորոժիեում ռուսական անօդաչուն հարվածել է բազմաբնակարան շենքի։ Մարզային իշխանությունների փոխանցմամբ՝ երկու մարդ է վիրավորվել, նրանցից մեկը՝ դեռահաս։
Զապորոժիեի մարզի բնակավայրերից մեկում հարվածի է ենթարկվել նաև հրշեջ-փրկարարական ստորաբաժանումը։ Վնասվել են շենքն ու մեքենաները, փրկարարների շրջանում տուժածներ չկան։
Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադի շրջանում վնասվել է ձեռնարկություն, մեկ մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։