Մատչելիության հղումներ

Հարվածներ Կրիվոյ Ռոգում առևտրի կենտրոնին. առնվազն 16 մարդ զոհվել է, 100-ից ավելին՝ վիրավորվել

Ուկրաինա - Նահանգապետ Օլեքսանդր Հանզայի հրապարակած լուսանկարը, Կրիվոյ Ռոգ, 21-ը օգոստոսի, 2026թ.
Ուկրաինա - Նահանգապետ Օլեքսանդր Հանզայի հրապարակած լուսանկարը, Կրիվոյ Ռոգ, 21-ը օգոստոսի, 2026թ.

Ռուսական զորքերը երեկ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքի առևտրի կենտրոնին, զոհվել է առնվազն16 մարդ, 100-ից ավելի վիրավորներ կան, այդ թվում՝ երեխաներ, հաղորդում են տեղական իշխանությունները:

Կրիվոյ Ռոգը Ուկրաինայի նախագահի հայրենի քաղաքն է:

Վլադիմիր Զելենսկին հարձակումը որակել է «ցինիկ և նողկալի»: Նա հայտնել է, որ հարձակման երկու ալիք է եղել, երկրորդը թիրախավորել է տուժածներին շտապ օգնություն ցուցաբերողներին:

Ականատեսների վկայությամբ՝ հարվածի հետևանքով ծածկը փլուզվել է ավտոկայանատեղիի վրա, որտեղ օդային տագնապից հետո ապաստան էին փնտրում մարդիկ:

Նահանգապետ Օլեքսանդր Հանզան հայտնել է, որ խանութները առևտրի կենտրոնում հրդեհվել են: Նրա փոխանցմամբ՝ վիրավորների թիվը 130 է, այդ թվում՝ 23 երեխա:

«Նման հարձակումներն այլ բան չեն, քան ահաբեկչական ակտեր», - X-ում գրել է Ուկրաինայի նախագահը, - «Աշխարհը պետք է համարժեք արձագանքի՝ ագրեսորի նկատմամբ իրական ճնշմամբ»:

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը նույն սոցցանցում գրել է, որ հարձակումը «ցույց է տալիս Մոսկվայի պատերազմի բացարձակ և ծայրաստիճան անբարոյականությունը»: «Սա միտումնավոր ահաբեկչություն է: Ռուսաստանը ցանկանում է ապրելու համար ոչ պիտանի դարձնել ուկրաինական քաղաքները», - պնդել է Կալլասը:

Հարձակումը հաջորդում է ուկրաինական քաղաքներին, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևին Ռուսաստանի հասցրած մի շարք այլ օդային հարվածներին:


XS
SM
MD
LG