Մատչելիության հղումներ

Ուկրաինական անօդաչուները հարվածել են Բաշկորտոստանին, հրդեհ է բռնկվել արդյունաբերական գոտում

Ուկրաինական անօդաչուները հարձակվել են Ռուսաստանի Բաշկորտոստանի վրա։ Հանրապետության ղեկավար Ռադի Խաբիրովը հայտնել է, որ Սալավատ քաղաքի արդյունաբերական գոտում անօդաչուի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել։

Խաբիրովը չի հստակեցրել, թե որ ձեռնարկությունն է վնասվել։ Ուկրաինական մոնիթորինգային ալիքները պնդում են, որ հարվածի թիրախում «Գազպրոմ Նեֆտեխիմ Սալավատ» նավթավերամշակման և նավթաքիմիական համալիրն է եղել։ Այն Ռուսաստանի խոշորագույն ձեռնարկություններից է և գտնվում է Ուկրաինայի սահմանից մոտ 1300 կիլոմետր հեռավորության վրա։

Գործարանը նախկինում ևս մի քանի անգամ հարձակման էր ենթարկվել։ Հուլիսի 14-ի հարվածից հետո այն ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը։

Բաշկորտոստանում անօդաչուները հարվածել են նաև Wildberries-ի պահեստին։ Ընկերությունը հաստատել է հարձակման և հրդեհի մասին տեղեկությունը՝ նշելով, որ աշխատակիցները նախապես տարհանվել էին։

Անօդաչուների հարձակումների մասին հաղորդվել է նաև Ռուսաստանի այլ շրջաններից։ Ռոստովի մարզում, տեղական իշխանությունների տվյալներով, մեկ կին վիրավորվել է։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ երկրի տարբեր շրջաններում, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի վրա ընդհանուր առմամբ 362 ուկրաինական անօդաչու է խոցվել։

XS
SM
MD
LG