Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Ուկրաինան և եվրոպական մի շարք երկրներ՝ ընդհանուր 41 պետություն, համատեղ հայտարարությամբ կոչ են արել առնվազն մեկ օր առաջ տեղեկացնել միջմայրցամաքային և սուզանավերից արձակվող բալիստիկ հրթիռների, ինչպես նաև հրթիռակիրների արձակումների մասին։
ԱՄՆ-ի՝ Ժնևում ՄԱԿ-ին առընթեր մշտական ներկայացուցչության հրապարակած հայտարարության հեղինակների գնահատմամբ՝ նման հրթիռների փորձարկումներն առանց նախնական ծանուցման մեծացնում են սխալ հաշվարկների և լարվածության սրման վտանգը։
Նրանք առաջարկում են արձակումներից առնվազն 24 ժամ առաջ տեղեկացնել հրթիռի տեսակի, արձակման վայրի, ժամանակի և թռիչքի ուղղության մասին, ինչպես նաև նախապես զգուշացնել ավիացիային և նավագնացությանը հնարավոր վտանգավոր գոտիների վերաբերյալ։
Հայտարարության մեջ նշվում է, որ այդ քայլերը չեն սահմանափակի պետությունների ռազմական հնարավորությունները, այլ կնվազեցնեն թյուրիմացությունների և չնախատեսված էսկալացիայի ռիսկը։
Փաստաթղթում հիշատակվում են Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տեղի ունեցած վերջին հրթիռային փորձարկումները, սակայն որևէ երկիր կոնկրետ չի նշվում։ Հուլիսի սկզբին Չինաստանն էր Խաղաղ օվկիանոսում ատոմային սուզանավից փորձարկել ռազմավարական հրթիռ՝ այդ մասին նախապես տեղեկացնելով միայն մի քանի պետությունների։
Հայտարարությունը Ռուսաստանը չի ստորագրել, թեև Մոսկվան միացել է 2002 թվականից գործող Հաագայի վարքականոնին, որը նախատեսում է բալիստիկ հրթիռների և հրթիռակիրների արձակումների մասին նախնական ծանուցումների փոխանակում։