Ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով Եկատերինբուրգում հրդեհ է բռնկվել Wildberries-ի լոգիստիկ կենտրոնում։ Ընկերությունը հայտնել է, որ հարձակման պահին աշխատակիցներն արդեն տարհանված էին, տուժածներ չկան։
Սվերդլովսկի մարզի նահանգապետ Դենիս Պասլերի խոսքով՝ ռուսական հակաօդային պաշտպանությունը խոցել է ութ անօդաչու, սակայն դրանցից երեքը ընկել են լոգիստիկ կենտրոնի տանիքին՝ հրդեհ առաջացնելով։ Այժմ հրշեջները շարունակում են մարել կրակը, իսկ նոր մատակարարումները ժամանակավորապես տեղափոխվել են այլ պահեստներ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ անցած գիշեր երկրի տարբեր շրջաններում, ինչպես նաև բռնակցված Ղրիմի և Սև ծովի վրա ընդհանուր առմամբ խոցվել է 203 ուկրաինական անօդաչու։
Սա վերջին շաբաթներին Wildberries-ի պահեստների վրա հերթական հարձակումն է։ Ուկրաինան պնդում է, որ այդ լոգիստիկ կենտրոններն օգտագործվում են ռուսական բանակի մատակարարման համար, մինչդեռ Wildberries-ը հերքում է այդ պնդումները։