Իրանը ներկայումս բանակցություններ չի վարում Միացյալ Նահանգների հետ և այժմ Օմանի հետ քննարկում է Հորմուզի նեղուցով ժամանակավոր անվտանգ անցուղու ստեղծման հարցը, այսօր հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
«Այս օրերին» ոչ նախատեսվում է ընդունել ամերիկյան պատվիրակություն, ոչ էլ իրանական պատվիրակություն ուղարկել ԱՄՆ», ասել է Բաղային:
Գերատեսչության խոսնակը հավելել է, որ Օմանի հետ համաձայնության հասնելը բավարար չէ նեղուցը վերաբացելու համար, քանի որ իրավիճակը կմնա անփոփոխ, քանի դեռ շարունակվում է ԱՄՆ-ի «ագրեսիան»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ ավելի վաղ հայտարարել է, որ այսօր կեսօրին ԱՄՆ-Իրան բանակցություններ են տեղի ունենալու՝ չմանրամասնելով, սակայն, թե որտե՞ղ և ովքեր են ներգրավված: Հարցին, թե արդյոք Իրանի հետ համաձայնության հասնելու համար վերջնաժամկետ սահմանված է, նախագահ Թրամփը հրաժարվել է պատասխանել։ «Ես կգերադասեի՞ համաձայնության հասնել։ Ես մարդկանց սպանելու ցանկություն չունեմ, որովհետև մարդիկ են զոհվում, շատ մարդիկ են զոհվում, իսկ մենք դա չենք ցանկանում»: