Մատչելիության հղումներ

13 զոհ՝ Պերուում զբոսաշրջային օդանավի կործանման հետևանքով

Օդանավի կործանման վայրը, Նասկա, Պերու, 1-ը օգոստոսի, 2026թ․
Օդանավի կործանման վայրը, Նասկա, Պերու, 1-ը օգոստոսի, 2026թ․

Նախօրեին Պերուի հարավում «Նասկայի գծեր» հնագիտական գոտու վրայով թռչելիս փոքր զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 13 ուղևորներն ու անձնակազմի անդամները, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել է Պերուի կառավարությունը։

Պերուի տրանսպորտի և կապի նախարարությունն իր հայտարարության մեջ նշել է, որ ինքնաթիռում 11 օտարերկրյա զբոսաշրջիկ է եղել՝ ազգությամբ գերմանացիներ, իտալացիներ և իսպանացիներ, ինչպես նաև անձնակազմի երկու անդամ:

Տեղական Aerodiana ավիաընկերությանը պատկանող Cessna Caravan C-208 օդանավը «Պիսկո» օդանավակայանից բարձրություն է հավաքել ժամը 12:10-ի սահմաններում։

Ըստ տրանսպորտի նախարարության՝ ժամը 13-ի սահմաններում անձնակազմն արտակարգ իրավիճակի մասին է հաղորդել Նասկայի օդանավակայանի կարգավարներին, ինչից հետո ռադիոկապն ամբողջությամբ ընդհատվել է։

Վթարվելուց հետո ինքնաթիռը հրդեհվել է, ինչն անհնարին է դարձրել փրկարարական գործողությունը, հայտնում է պերուական հեռարձակող RPP-ը:

Աղետի հստակ պատճառը դեռևս հայտնի չէ։ Գործադիրը տեղեկացրել է, որ հետաքննություն է ընթանում։

Մոտակա «Մարիա Ռեյխե» օդանավակայանից դեպի «Նասկայի գծեր» իրականացվող թռիչքները ուրբաթ օրը կասեցվել էին ավելի քան 40 կմ/ժ արագությամբ քամու պատճառով, որը փոշի էր բարձրացրել և վատթարացրել տեսանելիությունը:

XS
SM
MD
LG