Մատչելիության հղումներ

Մակրոն․ Ֆրանսիայում Երկրորդ համաշխարհայինից ի վեր ամենախոշոր անտառային հրդեհներն են

Ֆրանսիայում և Իսպանիայում շարունակում են պայքարել վերջին տարիների ամենախոշոր անտառային հրդեհների դեմ։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ երկրի հարավ-արևմուտքում իրավիճակը հիմնականում հաջողվել է կայունացնել, սակայն Բորդոյի մերձակայքում հրդեհը դեռ չի հաջողվում ամբողջությամբ վերահսկել։

Մակրոնը, որն այցելել է արտակարգ իրավիճակների ծառայությունների ճգնաժամային կենտրոն, զգուշացրել է, որ առաջիկա շաբաթները դժվար են լինելու։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր նման մասշտաբի անտառային հրդեհներ չի ունեցել։

Հուլիսի 22-ից Բորդոյի և Ատլանտյան օվկիանոսի ափի միջև ընկած տարածքում այրվել է շուրջ 42 հազար հեկտար։ Միայն երկուշաբթի հրդեհի պատճառով անվտանգ վայրեր է տարհանվել շուրջ 220 հազար մարդ։

Ընդհանուր առմամբ, այս տարվա ընթացքում Ֆրանսիայում անտառային հրդեհներն արդեն ոչնչացրել են ավելի քան 116 հազար հեկտար տարածք։

Մասնագետները հրդեհների աննախադեպ մասշտաբները կապում են կլիմայի փոփոխության հետ։ Ասում են՝ անսովոր խոնավ ձմռանը հաջորդած երկարատև երաշտը և ամառային հերթական ռեկորդային շոգերը անտառներն այնքան են չորացրել, որ կրակը հեշտությամբ է բռնկվում, արագ տարածվում և դժվարությամբ վերահսկվում։ Ըստ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության՝ այս տարվա հունիսը Արևմտյան Եվրոպայում եղել է պատմության մեջ ամենաշոգը։

XS
SM
MD
LG