Մատչելիության հղումներ

Փաստաբանը միջնորդում է վերացնել պատգամավորի մանդատ ստացած Արթուր Սարգսյանի և Դավիթ Ղազինյանի խափանման միջոցները

Փաստաբան Արամ Վարդևանյան, արխիվ
Փաստաբան Արամ Վարդևանյան, արխիվ

Փաստաբան Արամ Վարդևանյանն այսօր դատարանին միջնորդեց անհապաղ վերացնել «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի մանդատ ստացած Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ հղում անելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի որոշմանը, որ «անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ»:

Դատախազությունը դեմ էր՝ պատճառաբանելով, որ Սարգսյանը 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր է, ու նրա նկատմամբ անձեռնմխելիությունը վերացված է: Ընդդիմադիր պատգամավորը անձեռնմխելիությունից զրկվել է 2025-ի հուլիսին:

Անցած տարվա դեկտեմբերից Սարգսյանը տնային կալանքի տակ է: Նա մեղադրյալ է վարչապետի հրաժարականի պահանջով 2024-ին փողոցային պայքարն առաջնորդած Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով:

Արթուր Սարգսյանը մեղադրվում է ահաբեկչություն նախապատրաստելու և իշխանությունը զավթելու համար, մեղքը չի ընդունում։

Դատարանն ընդմիջում հայտարարեց, որոշումը ժամը 17:30 կհրապարակի:

Հինգ տարի առաջ ՍԴ որոշման արդյունքում Սարգսյանն արդեն մեկ անգամ կալանքից ազատվել է:

Վարդևանյանը նաև միջնորդել է վերացնել «Ուժեղ Հայաստան»-ից պատգամավոր դարձած Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը:

Հայաստանի էլեկտրական ցանցերի նախկին տնօրենը մեղադրվում է ընտրակաշառք տալու նախապատրաստության համար, կալանավորվել է հունիսի 18-ին:

Ղազինյանի գործով դատավարությունը վաղն է մեկնարկում, դրա ընթացքում էլ, ըստ փաստաբանի, կքննարկվի միջնորդությունը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG