Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն շարունակել է հարվածները Իրանին, Թեհրանը սպառնում է «լայնածավալ գործողություններով»

Բանդար Խամիրի կամուրջներից մեկը վնասվել է ԱՄՆ-ի կողմից Իրանiն հասցված հրթիռային հարվածների հետևանքով, հուլիսի 17,2026թ.
Բանդար Խամիրի կամուրջներից մեկը վնասվել է ԱՄՆ-ի կողմից Իրանiն հասցված հրթիռային հարվածների հետևանքով, հուլիսի 17,2026թ.

ԱՄՆ-ի հարվածները Իրանի դեմ հուլիսի 18-ի վաղ առավոտյան ընդլայնվեցին՝ Հորմուզի նեղուցից հասնելով Իրանի կենտրոնական և հարավային շրջանների բազմաթիվ վայրեր։ Դրանք իրականացվել են նաև կործանիչ ինքնաթիռների կիրառմամբ: Իրանն էլ շարունակել է հարվածներ հասցնել Պարսից ծոցի դաշնակիցներին:

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ իր ուժերը «յոթերորդ անընդմեջ գիշերն իրականացրել են Իրանի դեմ հարվածների հերթական փուլը։ Հարվածները նպատակ ունեն շարունակել թուլացնել Իրանի ռազմական կարողությունները»:

Մոտ վեցուկես ժամ անց՝ Իրանի ժամանակով առավոտյան ժամը 5-ին, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ հարձակումների այդ փուլն ավարտվել է։

Հաղորդվում է, որ ԱՄՆ ուժերը «հարվածներ են հասցրել վերահսկման և հետախուզական կայաններին, ռազմական լոգիստիկ ենթակառուցվածքներին, ստորգետնյա զենքի պահեստներին և ծովային կարողություններին։ ԱՄՆ-ի ուժերը կիրառել են կործանիչ ինքնաթիռներ, օդային անօդաչու սարքեր»։

Այս հայտարարությունները հնչեցին այն ժամանակ, երբ տեղեկություններ էին տարածվում, որ Հորմուզի ռազմավարական նշանակություն ունեցող նեղուցով երթևեկությունը գրեթե ամբողջությամբ դադարել է՝ կապված ԱՄՆ-ի ուժերի կողմից իրականացված մի շարք գործողությունների և իրանական կողմի կողմից արձակված հրթիռների հետ։

Հուլիսի 18-ին Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են ԱՄՆ ուժերի կողմից իրականացված բազմաթիվ հարձակումների մասին՝ այդ թվում կործանիչ ինքնաթիռների կիրառմամբ։ Հարվածները հասցվել են ոչ միայն Հորմուզի նեղուցի երկայնքով, այլև դրանից հեռու գտնվող տարածքներում, այդ թվում՝ Իրանի կենտրոնական հատվածում գտնվող Յազդում, հարավարևմտյան Ահվազ քաղաքում և Պարսից ծոցի հյուսիսային հատվածում գտնվող Խուզեստան նահանգում։

Մեկ օր առաջ Իրանի պետական լրատվամիջոցները հայտնել էին, որ երկրի հարավում առնվազն հինգ կամուրջ է հարվածի ենթարկվել։ Հաղորդվել էր, որ հարավային Բանդար Խամիր նավահանգստում կամուրջների վրա իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է յոթ մարդ, վնասվել էր նաև երկաթուղային կայարանը։ Հաղորդվում էր նաև, որ դեպի արևելք և ափամերձ գոտուց հեռու գտնվող Իրնշահր քաղաքում հարվածի է ենթարկվել օդանավակայան։ Իրնշահրը գտնվում է Պակիստանին սահմանակից նահանգում։

Reuters-ը հայտնել է, որ իր կողմից ստուգված տեսանյութում երևում են փլատակներ, կոտրված ճաղաշարեր և վնասված մեքենա՝ Բանդար Խամիրում ավերված կամրջի վրա։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ երեք մարդ է զոհվել կամուրջն անցնելիս։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը չի հստակեցրել իր հարվածների թիրախները, իսկ Իրանի կողմից արված բազմաթիվ հայտարարություններ հնարավոր չի եղել ստուգել:

Իրանը սպառնում է «լայնածավալ հարձակողական գործողություններ» սկսել

Միևնույն ժամանակ, իրանցի գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային սպառնացել է, որ Թեհրանը պատրաստ է վերսկսել «լայնածավալ հարձակողական գործողություններ», եթե ԱՄՆ-ի հարվածները շարունակվեն ևս երկու կամ երեք օր։

Իրանի պետական լրատվական գործակալության՝ IRIB-ի հաղորդմամբ, Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ռազմական գծով խորհրդական Ռեզային հայտարարել է. «Իրանն այլևս չի սահմանափակվի միայն պատասխան հարվածներով կամ նույնատիպ հակազդող գործողություններով... և ոչ մի քաղաքական սահման անվտանգ չի լինի»։

XS
SM
MD
LG