Մատչելիության հղումներ

595 միլիոն դրամ համայնքային բյուջեից՝ Վարդավառի և Երեխաների օրվա համար

Մոտ 200 միլիոն դրամ կամ մոտ 550 հազար դոլար. այսքան է արժեցել այս տարվա Վարդավառի նոր փառատոնը քաղաքացիների համար, որ հրապարակում նշվեց տոնական համերգով, ջրցան մեքենաներով և փրփուր փարթիով։

Իսկ ընդամենը մեկ ամիս առաջ Երևանի քաղաքապետարանը էլ ավելի մեծ գումար էր հատկացրել Երեխաների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ը նշելու համար։ Ընդհանուր ավելի քան 395 միլիոն դրամ կամ մոտ մեկ միլիոն դոլար։

Ստացվում է՝ միայն երկու օր տոնելու համար քաղաքացիները վճարել են մոտ 595 միլիոն դրամ կամ 1.6 միլիոն դոլար։

Ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը սա համայնքային բյուջեի վատնում է համարում և անիմաստ ծախս, հիշեցնելով քաղաքում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, որոնց համար երբեք գումար չի գտնվում։

«Նիստերի ժամանակ բարձրաձայնել եմ, որ պետք են մեզ խելացի լուսացույցներ և պարեկները այն գործը, որը անում են, դա կարող է ավելի ճիշտ ձևով արվել։ Իրենք ինձ ասացին, որ ամեն մի հատի գինը 10 հազար դոլար, թե ինչ-որ թիվ ասեցին, ես չգիտեմ իրականում ինչքան է, բայց ինչ-որ մեծ թիվ ասեցին ու ասեցին՝ «դա շատ մեծ գումար է, մենք չենք կարող մեզ թույլ տալ», - ներկայացրեց Գրիգորյանը։

Հայկ Գրիգորյանը նկատում է՝ անգամ ավելի քիչ ծախսերի հետ կապված խնդիրները չեն լուծվում, օրինակ, կանգառների կահավորման հարցը. «Մի կանգառի արժեքը, չեմ կարծում մի քանի հազար դոլարը գերազանցի, այսինքն մինիմում 600 հազարով կարելի էր Երևանի գոնե 100 հատ կանգառ... հատկապես այս շոգին կամ անձրևներին, մարդիկ չունեն կանգնելու տեղ»:

Կանգառներից մեկն, ի դեպ, որ ո՛չ ծածկ ունի, ո՛չ կահավորանք, այլ միայն մի ցուցանակ և մի նստարան, քաղաքապետարանի հենց կողքին է, մոտ 200 մետրի վրա, բայց նման միայն ցուցանակով կամ կիսաքանդ կանգառները քիչ չեն, հատկապես մայրաքաղաքի ծայրամասերում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը համաձայն չէ։ Կանգառները կահավորվում են, ասում է, իսկ տոնակատարություններն անհրաժեշտ են քաղաքի ճանաչելիությունն ու տուրիստների հոսքը ապահովելու համար։

«Կան տարբեր ուղղություններով ծախսեր, այսինքն դու չես կարող մենակ կանգառներ սարքել և ուրիշ ոչ մի բան չանել: Արդեն շատ կանգառներ կան տեղադրված և էլի տեղադրվելու է, բայց էլի եմ ասում, զբոսաշրջությունը մի ուղղություն է, որ դու չես կարող անտեսել և միշտ կարելի է ասել՝ դե սրա վրա չծախսեք, հենա այնտեղ այն պրոբլեմը կա, այդտեղ ծախսեք, միշտ դա կարելի է ասել», - ընդգծեց Գալջյանը։

«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը կարծում է՝ առաջին հերթին երևանցին քաղաքում պիտի հարմար ապրի. «Դու պետք է քո քաղաքային իշխանությունը և բյուջեն ծառայեցնես, որ Երևանցու համար տարին 365 օր պլյուս վեց ժամ լինի բարեկեցիկ և ողջամիտ, հետո նոր մտածես տուրիստի մասին»:

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանն էլ նկատում է՝ քաղաքապետարանը տուրիզմի զարգացման գործակալություն չէ, իսկ նման ճոխ միջոցառումների մի քանի տարվա գումարը կբավականացներ մայրաքաղաքում լուրջ փոփոխություններ իրականացնելու համար։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու խմբակցության ղեկավարը հակադարձում է՝ մեծ նախագծերն իրենց տեղն ունեն, տոները՝ իրենց տեղը։

Ամիսներ առաջ, ի դեպ, քաղաքապետ Տիգրան Ավինյանն էր հայտարարում, որ նոր ավտոբուսների գնման գործընթացը վտանգված է, և վարձավճարների թերհավաքագրումների պատճառով նոր մեքենաների համար գումար չկա։ Միայն այս երկու օրվա տոնական միջոցառումների վրա ծախսած 595 միլիոն դրամով, օրինակ, քաղաքային իշխանությունները կարող էին առնվազն վեց նոր տրոլեյբուս գնել։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG