«Կարծում եմ՝ այլևս անհրաժեշտություն չի լինի, բայց երբ անհրաժեշտ լինի, բոլորը պետք է իմանան, որ երկաթե բռունցքը գործի կդրվի». - Ալիևն այս հայտարարությունն արել է շաբաթ օրը, ըստ հաղորդագրության՝ Մարտունու գյուղերի բնակիչների հետ հանդիպմանը: Մինչ այդ էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էր հաղորդել անօդաչուների կիրառմամբ ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժությունների մասին՝ 2020-ի պատերազմի փորձի կիրառմամբ:
Այսօր արդեն Շուշիում՝ 4-րդ գլոբալ մեդիաֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները այդքան ռազմատենչ չէին: Ղարաբաղյան հարցը պատերազմով լուծած, 120 հազար մարդու տեղահանման պատճառ դարձած Ալիևն այսօր կարևոր էր համարում, որ խաղաղությունը հիմնված լինի միջազգային իրավունքի վրա:
Ու կրկին ԵԱՀԿ Մինսկի խմբից բողոքելու առիթը բաց չթողեց: Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի ու Ռուսաստանի եռանախագահությամբ այս խումբը Ղարաբաղյան հարցի լուծման համար էր ստեղծվել ու ավելի քան 30-ամյա գործունեությունից հետո լուծարվեց հենց Ադրբեջանի պահանջով: Ըստ էության, դա էլ հնարավոր դարձրեց հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախաստորագրումը:
Մինչ Փաշինյանը վերջին տարիներին պնդում է, որ Արցախի հարցում միջնորդների որևէ առաջարկով չէր երաշխավորվում Արցախի սուբյեկտայնությունը, Ալիեւը հակառակից էր այսօր խոսում. - «Մինսկի խումբը միայն ուզում էր վերցնել Ղարաբաղը՝ ներառյալ Լաչինն ու Քելբաջարը, ու տալ Հայաստանին: Երբ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը սկսվեց, աշխարհի երեք առաջատար երկրները պահանջում էին անմիջապես կանգ առնել, զանգում էին, վախեցնում ու սպառնում էին: Ուզում էին, որ մենք կանգ առնենք, որ ամեն ինչ մնա նույնը: Նպատակը՝ որ Ադրբեջանը չվերականգնի իր տարածքները: Այդ նպատակը չիրականացավ»:
Ալիևն այսօր նաև Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովից դժգոհեց, հայտարարեց, որ ադրբեջանական պատվիրակությունը Վեհաժողով կվերադառնա, եթե վերականգնվի նրանց քվեարկելու իրավունքը: Դժգոհելով Լաչինի միջանցքի փակումից՝ ԵԽԽՎ-ն 2024 թվականին առնվազն մեկ տարով Ադրբեջանին հեռացրել էր իր շարքերից, ի պատասխան՝ Բաքուն դադարեցրեց մասնակցությունը կառույցի աշխատանքներին:
Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառած միջազգային կառուցների, ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի կողքին Ադրբեջանի նախագահը հիշեց Եվրամիության արտաքին գործերի նախարարի և Եվրահանձնաժողովի փոխնախագահի պաշտոնները զբաղեցրած Ժոզեպ Բորելին, որն Արցախի բլոկադայի ժամանակ Լաչինի միջանցքի անհապաղ բացում էր պահանջել, ինչպես նաև Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին նա էլ Լեռնային Ղարաբաղի շրջափակումն ու հայերի բռնի տեղահանումը որակել է որպես ցեղասպանություն։
«Պարզվել է, որ Ժոզեպ Բորելը կապեր է պահպանել մի քանի կոռումպացված անձանց հետ, այդ թվում՝ Միջազգային դատարանի նախկին դատավոր պարոն Օկամպոյի հետ։ Նրան ֆինանսավորել է ռուսահայ օլիգարխ, որը ներկայումս տնային կալանքի տակ է Հայաստանում», - հայտարարեց Իլհամ Ալիևը:
Ալիևի այս հայտարարությանն առավոտյան արձագանքեց ռուսաստանցի գործարար, այժմ Նիկոլ Փաշինյանի գլխավոր ընդդիմախոսներից մեկի՝ Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը. - «Այդ ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքում, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ իր պրոքսի Փաշինյանը»:
Ալիևն ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին օգնությունը սահմանափակող 907 ուղղումն արդեն ժամկետանց համարեց ու կրկնեց, որ այն պետք է չեղարկվի, նախ՝ որ խաղաղության պայմանագիր է նախաստորագրվել, ապա՝ որ «Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է Հայաստանի նկատմամբ տարանցման բոլոր սահմանափակումները». - «Ավելին՝ Ադրբեջանն ինքն է սկսել նավթամթերք մատակարարել Հայաստան։ Մինչ օրս երկիր է մատակարարվել ավելի քան 10 հազար տոննա։ Հատկապես հիմա, երբ շատ երկրներ դժվարանում են հասանելիություն ունենալ վառելիքի աղբյուրներին, Հայաստանը հույսը դնում է այնպիսի հուսալի աղբյուրի վրա, ինչպիսին է Ադրբեջանը։ Հակառակ դեպքում ստիպված էր լինելու բենզին և դիզելային վառելիք փնտրել աշխարհով մեկ»:
Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ այս տարի Հայաստանն ավելի քան 230 միլիոն դոլարի նավթամթերք է գնել: Ադրբեջանից ընդհանուր ներկրումը առայժմ 13 միլիոն դոլարի էլ չի հասել:
Հայաստանով անցնող ու Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP նախագծից խոսելիս Ալիևը կրկին «Զանգեզուրի միջանցք» տերմինը կիրառեց:
«Մենք ո՛չ գոյություն ունեցող, ո՛չ պոտենցիալ ներքին ռիսկեր չունենք, բոլոր ռիսկերը սահմաններից դուրս են», - հայտարարեց 23 տարի երկրի ղեկն իր ձեռքը պահող, ընդդիմախոսների նկատմամբ բիրտ ճնշումներով հայտնի Իլհամ Ալիևը
Շուշիում նա մոտ երեք ժամ պատասխանում էր հարցերին:44-օրյա պատերազմից հետո իշխանության կողմից կազմակերպվող այս մեդիաֆորումում Ադրբեջանի ղեկավարին անհարմար հարցեր չհնչեցին, ճիշտ հակառակը՝ գովասանքի պակաս չկար: