Մատչելիության հղումներ

Ղալիբաֆը հերքել է, թե ԱԷՄԳ-ը հասանելիություն ունի Իրանի միջուկային օբյեկտներին

Իրանի խորհրդարանի խոսնակը հերքել է լուրերը, թե Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հասանելիություն ունի Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային օբյեկտներին, որոնք ռմբակոծվել են պատերազմի ժամանակ։

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կեղծ է որակել լուրերը, թե Թեհրանը մուտքի թույլտվություն է տրամադրել գործակալությանը, նաև նշել է, որ «ԱԷՄԳ տեսուչներն իրավունք չունեն ստուգելու ԱՄՆ-ի կողմից ռմբակոծված միջուկային օբյեկտները»։

«Ներկայումս տեսուչները մուտք ունեն միայն երկու վայր՝ Բուշերի էլեկտրակայան և Թեհրանի ռեակտոր», - IRIB հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ասել է նա։

Ղալիբաֆը հավելել է, որ խորհրդարանն օրենք է ընդունել, որն արգելում է տեսուչներին մուտքի տրամադրումը։ «Խորհրդարանն ինքն է ընդունել օրենքը, իսկ Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը նույնպես համապատասխան որոշում է ընդունել», - նշել է նա։

Ղալիբաֆն այս հայտարարություններն արել է այն բանից հետո, երբ ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարեց, թե գործակալության տեսուչները պետք է կարողանան մուտք գործել Իրանի միջուկային օբյեկտներ և ստուգումներ անել՝ համաձայն Իրան-ԱՄՆ փոխըմբռնման հուշագրի: «Մենք հույս ունենք շուտով այնտեղ լինել»,- ասել էր Գրոսին:


XS
SM
MD
LG