Դոհայում երեկ իրանական պատվիրակությունը երկու հանդիպում է անցկացրել միջնորդներ Կատարի և Պակիստանի հետ, որոնց ընթացքում բարձրացրել է ԱՄՆ-ի կողմից իր պարտավորությունները խախտելու հարցը, պետական լրատվամիջոցներին հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։
Նախ տեղի է ունեցել ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի շրջանակում ստեղծված չորս մարմիններից մեկի՝ համաձայնագրի Մշտադիրտարկման և իրականացման աշխատանքային խմբի նիստը:
Իրանական IRIB-ի հաղորդմամբ՝ Իրանի պատվիրակությունն օգտագործել է հանդիպումը՝ բարձրացնելու «ԱՄՆ-ի կողմից փոխըմբռնման հուշագրի 1-ին հոդվածով ստանձնած իր պարտավորությունների խախտման» հարցը, որը կոչ է անում դադարեցնել պատերազմը բոլոր ճակատներում:
Նրանք նաև քննարկել են տարածաշրջանում իր սպառազինությունն ու ուժերը հզորացնելու ԱՄՆ-ի գործողությունների մասին լուրերը, ինչպես նաև «ԱՄՆ պաշտոնյաների կողմից սպառնալից և միջամտողական բնույթի հայտարարությունները»։
Նիստում որոշվել է մեկ օրվա ընթացքում ստեղծել անհապաղ հաղորդակցության ուղի և պաշտոնապես փաստաթղթավորել փոխըմբռնման հուշագրի թերությունները, որպեսզի խնդիրները կարողանան վերանայվել և լուծվել։
Երկրորդ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Կատարի պաշտոնյաների և երկրի կենտրոնական բանկի հետ, քննարկվել է Իրանի սառեցված միջոցների մոտ 6 միլիարդ դոլարի ապասառեցման հարցը: Ղարիբաբադիի խոսքով՝ քննարկվել են նախնական 6 միլիարդ դոլարի մի մասի ապասառեցմանը վերաբերող հարցեր և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Իրանը կօգտագործի այդ միջոցներն իր «հայտարարած կարիքները» հոգալու նպատակով անհրաժեշտ ապրանքներ գնելու համար: