Մատչելիության հղումներ

Գնել Սանոսյանը՝ որդու տարկետման մասին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է որդու՝ առողջական հիմքով զինվորական ծառայությունից տարկետում ստանալուն՝ պնդելով՝ անցել է բժշկական հետազոտություններ, առկա իրավական կարգավորումների հիման վրա տարկետում է ստացել:

«Հետո նորից կհետազոտվի, կբավարարի՝ կգնա, չի բավարարի՝ չի գնա», - ասաց Սանոսյանը:

«Ազատության» հետաքննության համաձայն՝ Գնել Սանոսյանի որդին՝ Գոռ Սանոսյանը, 2024-ին առողջական հիմքերով տարկետում է ստացել պարտադիր զինվորական ծառայությունից։ Չնայած այդ առողջական խնդիրներին՝ Սանոսյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերա է կառուցում և ներկայում հանդես է գալիս «Արարատ-2» ֆուտբոլային ակումբում։

Սանոսյանն ընդգծեց՝ իր տղան տարկետում է ստացել ոչ թե 2024 թվականին, այլ 2025-ի ամռանը, երբ ինքը որևէ պաշտոն չէր զբաղեցնում:

«Չկա ֆուտբոլիստ, ով 6-7 տարեկանից զբաղվում է պրոֆեսիոնալ ֆուտբոլով ու սրտի խնդիր չունի: Առողջապահության նախարարությունն ունի որոշակի չափորոշիչներ, պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվողների մոտ չափերը փոխվում են ու սկսում է չհամապատասխանել, դա է ընդամենը, տարին տասնյակ նման տղաներ տարկետում են ստանում, ուղղակի երևի նրանց ծնողները հայտնի չեն, չեք խոսում ոչ մեկից», - ասաց նա լրագրողների հարցերին ի պատասխան:

Սանոսյանը հավելեց, որ անգամ խոսել է որդու հետ, որ «պետք է թողնել սպորտը, որովհետև առողջությունը ավելի կարևոր է։ Հիմա իր տեսանկյունից ինքն էլ յոթ տարեկանից, վեց տարեկանից զբաղվում է»:


XS
SM
MD
LG